Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյան. «Երազիս գալիս են Աբաջյանը, Ուրֆանյանը, Սլոյանը եւ գոռում» (Տեսանյութ)

Հունվար 31,2018 12:28

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Պավել Մանուկյանը («Ապարանցի Պավլիկ») հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկին պնդելով, որ այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի:

«Որքան ժամանակ է՝ չեմ կարողանում քնել: Երազիս գալիս են Աբաջյանը, Ուրֆանյանը եւ Սլոյանը ու գոռում, որ հանդուրժում եմ այդ մեղադրողին…Դուք արդեն ծաղրում եք մեզ»,-դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց նա:

Ապա Մանուկյանը վիրավորական արտահայտություններ արեց Պետրոս Պետրոսյանի հասցեին, ինչի համար դատավորի կողմից արժանացավ նախազգուշացման: Մեսրոպ Մակյանը զգուշացրեց, որ եթե Մանուկյանը նույն կերպ շարունակի, կհեռացվի նիստերի դահլիճից երկար ժամանակով:

Նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նախազգուշացումներ ստացավ նաեւ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը:

Պավել Մանուկյանը եւս մեկ հայտարարությամբ դիմեց դատավորին. «Վարչապետը հայտարարեց, որ անորակ սալյարկայի պատճառով ապրիլյան դեպքերի ժամանակ տանուլ ենք տվել: Դուք, որպես դատավոր, ինչո՞ւ ընթացք չտվեցիք այդ գործին»:

Այս գործով շարունակվում է գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հետազոտման փուլը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031