«Մենք ձեզ հետ կպայմանավորվենք, որ հանձնաժողովի նիստից երկու օր առաջ այլեւս որեւէ փաստաթուղթ չենք ընդունելու»,-ԱԺ տնտեսական նիստի մեկնարկին կառավարության ներկայացուցիչներին այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Երեկ մինչեւ գիշերվա 11-ը փորձագետներն աշխատում էին: Մենք չենք զլանում, բայց որակը չտուժի»,- շարունակեց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ կառավարության հետ որեւէ կերպ չի ստացվում պայմանավորվածությունները պահել:
Նիստին ներկա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փորձեց կառավարության «թասիբին կանգնել»`նկատելով, որ ԱԺ կանոնակարգի փոփոխության հետ կապված են այս խնդիրները: Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց:
Այս թեման շարունակվեց ավելի ուշ, երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացնում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով տուգանք է սահմանվում խաղատների համար, եթե նրանք կթույլատրեն այն մարդկանց մուտքը խաղատուն, որոնք դատարանի վճռով են զրկված այդ իրավունքից: Նախկինում «Ելք»-ն առաջարկում էր 500 հազար դրամով տուգանել խաղատանը, հիմա, կառավարության հետ համաձայնության արդյունքում նվազեցրել են տուգանքը`300 հազար:
Նիստին ներկա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ իրենք մի քանի խմբագրական բնույթի առաջարկներ էլ էին ներկայացրել խորհրդարանին: Դրանք էական ազդեցություն ունեն նախագծի բովանդակային մասով: Պատգամավորները չէին ստացել կառավարության առաջարկները: Հանձնաժողովի աշխատակազմից պնդեցին`ԱԺ նման փաստաթուղթ չի մտել:
Մանրամասները`տեսանյութում
Խոսրով Հարությունյանը փորձեց հարթել իրավիճակը եւ առաջարկեց ընդհատել քննարկումը, երկուշաբթի օրը, նիստից առաջ հավաքվել եւ այս առիթով որոշում կայացնել: Հիմա էլ Էդմոն Մարուքյանն ընդվզեց`ասելով, որ ինքը չի կասկածում ԱԺ աշխատակիցների վրա, որ կառավարությունն է փորձում աչքկապոցի խաղալ. «Առաջին ընթերցման ընթացքում առաջարկ եք արել, կոմպրոմիսի ենք եկել, հիմա եկել ասում եք երկրորդ ընթերցման ժամանակ էլի ենք առաջարկ արել, որը իբր ուղարկվել է ԱԺ, բայց չգիտես ինչի չի հասել: Ես կասկածում եմ, որ ուղարկվել է»:
Մանրամասները` տեսանյութում
Խոսրով Հարությունյանը խոստացավ պարզել թե ո՞ր օղակի թերացման արդյունք է սա եւ խոստացավ հասնել նրան, որ մեղավորները պատժվեն: Հարցի քննարկումն ընդհատվեց: Որոշում կկայացվի երկուշաբթի օրը, ԱԺ լիագումար նիստից առաջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ