Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հեղաշրջում. 1in.am

Հունվար 31,2018 12:10

Եթե նույնիսկ խորհրդարանական կառավարման մոդելը տեսականորեն դուռ էր բացում Հայաստանում բազմավեկտոր իշխանության ձևավորման համար, այս օրերին հետևողականորեն «խմբագրվում» է այդ հնարավորությունը՝ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծերով: Այս նախագծերը լրիվ հակոտնյա են խորհրդարանական կառավարման համակարգին, և այս համատեքստում հայկական «պառլամենտարիզմը» որևէ աղերս չունի միջազգային պրակտիկայի հետ և, ըստ էության, ավտորիտար, անձնակենտրոն, բրգաձև համակարգը պահպանելու կամ զարգացնելու միտում ունի:

Աշխարհում դժվար է գտնել խորհրդարանական մեկ այլ երկիր, որտեղ, ըստ էության, ամբողջ անվտանգության համակարգը՝ ոստիկանություն, ԱԱԾ, դուրս է դրվում խորհրդարանի վերահսկողությունից, անգամ կառավարության կոլեգիալ կառավարումից: Ըստ ներկայացված նախագծերի՝ ուժային այս կառույցները լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ինչը նշանակում է, որ չնայած կառավարման մոդելի փոփոխությանը՝ ապրիլից հետո պահպանվելու է այսօրվա ստատուս քվոն, կամ օրենսդրորեն ավելի է խորացվելու բրգաձև իշխանության համակարգը:

Սա, ըստ էության, հանգեցնելու է ուժային սեգմենտում ռեպրեսիվ և կոռուպցիոն ռիսկերի խորացման, որոնք սովորական երևույթ են ավտորիտար երկրների համար: Այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական կառավարման ցուցանակի տակ օրենսդրորեն զարգացնում է ավտորիտար պետության իրավական հիմքերը:

Օրենքների նախագծերով ներմուծվում են նորամուծություններ, որոնք ամբողջովին վերականգնում են խորհրդային կառավարման հոռի բարքերը՝ նահանջ արձանագրելով նույնիսկ այսօրվա իրականության համեմատ: Օրինակ՝ ապրիլից հետո կառավարության նիստերը դռնփակ են լինելու, օրենսդրորեն սահմանափակվում է կառավարության անդամների՝ հարցազրույց տալու, սեփական տեսակետ արտահայտելու իրավունքը, պատգամավորները զրկվում են կաբինետի նիստերին մասնակցելու հնարավորությունից: Այս ամենը ի դերև է անում գործադիր իշխանության հրապարակային գործունեության և հաշվետվողականության սկզբունքները, որոնք պարտադիր պայման են ցանկացած ժողովրդավարական երկրի, էլ չենք ասում՝ խորհրդարանական մոդելի համար:

 

Սարգիս Արծրունի

Նյութի մանրամասները կարդացեք 1in.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031