Լրահոս
Օրվա լրահոսը

Քչերը կարող են իմ վրա ձայն բարձրացնել. «Շանթ»-ի հարցազրույցը Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

Հունվար 31,2018 11:47

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում նշել է, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկել է առաջադրել իր թեկնածությունը՝ շատ անսպասելի չի եղել, բայց դրանից առաջ խոսակցություն չի եղել նախագահի հետ. «Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի։ Ես, իհարկե, շնորհակալ եմ հանրապետության Նախագահին, ու ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է, շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որովհետև նա առաջարկում է ոչ միայն որպես նախագահ, այլ նաև որպես կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Եվ սա ձև չէ, իրականում շատ պարզ պատճառներ կան դրա համար: Հարցը միայնն առաջարկությունը չէ, այլ՝ ընդունում ես՝ ի՞նչ ես անելու, ի՞նչպես ես անելու: Հանրապետության Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»:

«Խոսվում է Վազգեն Սարգսյանի և ձեր հակասությունների մասին այն ժամանակ, երբ դուք թողեցիք վարչապետի պաշտոնը: Դուք արդեն ասել եք, որ դա սուտ է: Ես ցանկանում եմ ավելի խորը վերցնել. արդյոք ունեիք, կամ ունե՞ք քաղաքակրթական հակասություններ Հայաստանի էլիտայի, Հայաստանի ղեկավարության հետ»,- Արամ Աբրահամյանի հարցին Արմեն Սարգսյանը բացասաբար է պատասխանել:

«Ամենը սուտ լուրերի ֆենոմեն է: Իմ եւ երջանկահիշատակ սպարապետի միջեւ որեւէ վեճ չի եղել, ես ընդամենը 4 ամիս վարչապետի պաշտոնը ստանձնելուց  հետո հեռացել եմ առողջական ծանր խնդիրների պատճառով,- ասել է Արմեն Սարգսյանը:- Լեւոն Տեր-Պետրոսյաննն անձամբ է հորդորել՝ դուրս գալ եւ զբաղվել առողջական խնդիրներով: Ես կարող եմ շատերի հետ վիճել, ունենալ հակառակ կարծիք, բայց քչերը կարող են իմ վրա ձայն բարձրացնել: Այս պատմությունն արդեն ավելի քան 20 տարի պտտվում է, «սուտ լուրի» ֆենոմենն է, որը գնալով աճել է»:

Նա նաեւ հերքել է լուրերը, թե ինքը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ բիզնես կապեր ունի. «Լիդիան»-ի պատմությունը հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ հստակ ձևակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»։

Արմեն Սարգսյանը նաեւ հավելել է. «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031