Հարցազրույց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ
-Պաշտոնական Ստեփանակերտին չի՞ մտահոգում այն, որ Կրակովում ընթացող Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը զուգահեռ ՌԴ-ն հերթական զենքի խմբաքանակը փոխանցեց Ադրբեջանին: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում տարակուսում են ոչ միայն պաշտոնական Երեւանի` այս առիթով լռությունից, այլ նաեւ Ստեփանակերտի: Ասում են, Երեւանի լռության ֆոնին Ստեփանակերտի համար սուվերենություն դրսեւորելու լավ առիթ էր: Ինչո՞ւ հայկական պետություններն արդեն խոսքով էլ չեն ընդվզում մեր ռազմավարական դաշնակցի եւ թշնամու բիզնեսի դեմ:
– Ինչի՞ միայն կրակովյան հանդիպումից առաջ: Առհասարակ, Արցախի ու Արցախում ապրող մարդու համար մտահոգիչ է, երբ որեւէ երկիր՝ լինի դա Իսրայելը, Ուկրաինան, Թուրքիան կամ ՌԴ-ն, զենք են վաճառում Ադրբեջանին: Մի երկրի, որն ամեն գնով տապալում է բանակցությունները, փորձում մշտապես թեժ պահել իրավիճակը առաջնագծում եւ իր ծրագրերում մշտապես առաջնային է պահում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը:
1994 թվականից ի վեր՝ 20 տարուց ավելի է, ինչ ամեն անգամ երբ որեւէ երկիր զենք է վաճառում Ադրբեջանին, նույն հարցադրումներն են հնչում՝ գրեթե նույն պատասխաններով: Իսկ չե՞նք հոգնել այս հարցերն ու դրանց պատասխանները լսելիս, ի՞նչ եք պատկերացնում, ի՞նչ պետք է անի կամ մտածի Արցախում ապրող հայ մարդը այդ մատակարարումների մասին, ակնհայտ է, չէ՞: Մենք վերլուծության ենք ենթարկում բոլոր գործընթացները՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ըստ այդմ՝ կառուցում մեր քաղաքականությունը:
Մենք պետք է հստակ հասկանանք, թե եղած ռեսուրսները որ ուղղությամբ ենք ուղղում, ինչ ծավալով եւ ինչի: Հասկանում եմ, որ միգուցե մարդկանց համար ականջահաճո է խրոխտ հայտարարություններ լսել, այս կամ այն հարցի համար մեղադրել այս կամ այն պետությանը, սակայն պետք է գիտակցել, որ դա կարճաժամկետ ու ոչ մի տեղ չտանող մեկանգամյա միջոցառում է, ուրիշ ոչինչ: Մենք այդ ամենը գիտակցում ենք ու դրա ռիսկերի չեզոքացմանը, նվազագույնին հասնելուն գնում ոչ թե հայտարարությունների, այլ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների միջոցով:
Այո, փորձագիտական շրջանակները պետք է վերլուծեն, տարբեր սցենարների համար առաջարկներ հնչեցնեն, սակայն ցանկացած հայտարարություն գործընթացի վերածելու քաղաքական պատասխանատվությունը իշխանությունն է կրում: Այնպես որ, պետք է թեմայի զգացմունքային մասը դնենք մի կողմ ու շարժվենք առաջ:
– Դավոսում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը հայտարարեց ՌԴ-ի հետ նոր` հինգ միլիարդանոց ռազմատեխնիկական պայմանագրի մասին: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– Գիտե՞ք, Ադրբեջանում մի բան հաստատ շատ լավ են հասկանում. մատակարարումների մասին ցանկացած հայտարարություն մեծ ազդեցություն ունի սեփական հասարակության վրա, մանավանդ, որ Ադրբեջանում այս տարի ընտրական տարի է: Իրենց համար ոչ պակաս կարեւոր է այդ հայտարարությունների ազդեցությունը նաեւ հայ հանրության վրա: Այս գործոնի վրա իրենք շատ լավ «խաղում» են:
Ինչ մնում է հարցին, նախ՝ Ադրբեջանի նախագահը խոսել է մատակարարումների շուրջ նոր բանակցությունների մասին, իսկ 5 մլրդ-ի մասին հիշատակումը նախորդ պայմանագրին էր վերաբերում: Զենքի մատակարարումների շուրջ համաձայնությունները ենթադրում են երկար բանակցություններ: Համաձայնությունները եթե կնքվեն, ապա մատակարարումները կարող են մինչեւ 4-5 տարի տեւել, այդ գումարները տրվեն 5-10 տարվա ընթացքում, իսկ մենք այդ 10 տարվա ընթացքում չպետք է ռեսուրս ծախսենք անընդհատ արձագանքելու դրանց: Մեկ անգամ խոսեցինք, հետեւություններ արեցինք, ներքին խողովակներով աշխատեցինք՝ բավական է:
Հայաստանը զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիր է մշակել, քննարկումների փուլում է, առաջնագծում հսկայական ամրաշինական, տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվում: Բանակաշինության մեջ չկա ուղղություն, որտեղ նոր ռեսուրսներ չենք ուղղում: Այդ մատակարարումներին, մտահոգություններին մեր պատասխանը սա է:
– Անհանգստություններ կան, որ ռազմական տեխնիկայի նման կուտակումով ՌԴ-ն Ադրբեջանի ձեռամբ կարող է նոր պատերազմական գործողություններ սանձազերծել:
– Եթե Ադրբեջանը խնդիր է դրել այս կամ այն փուլում գնալ պատերազմի, ապա նա զինտեխնիկա կուտակելու ճանապարհ կգտնի: Երկրորդ՝ մի փոքր անհասկանալի են այդ անհանգստությունները ՌԴ-ի մասով. ո՞րն է տրամաբանությունը, ինչի՞ պետք է ՌԴ-ն Ադրբեջանին պատերազմի մղի, ո՞րն է նրա շահը, դեռ չեմ խոսում ՌԴ-Հայաստան բարձր մակարդակի հարաբերությունների մասին:
– Ի դեպ, անցած տարվա ընթացքում Ադրբեջանը զենք ձեռք բերեց նաեւ Ուկրաինայից եւ Բելառուսից: Ռազմական ոլորտում Ղազախստանի հետ էլ ձեռնարկներ կան: Այս պետություններից երկուսը Հայաստանի հետ նույն անվտանգության համակարգում են: Սրանք ի՞նչ քայլերի պետք է մղեն հայկական պետություններին:
– Այս մասին հատկապես վերջին տարիներին Հայաստանի նախագահը տարբեր առիթներով հենց այդ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսել է: Խոսել է նաեւ այդ քայլերի անտրամաբանական ու անթույլատրելիության մասին: Պետք է այդ երկրների հետ ավելի շատ աշխատել:
– Փարիզում ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո խոսելով Արցախի հակամարտության կարգավորման մասին՝ Ֆրանսիայի նախագահն ասաց. «Դա պետք է լինի երկու երկրների միջեւ համարձակ փոխզիջում»: Արցախում պատրա՞ստ են համարձակ փոխզիջման: Ո՞րն է այդ սահմանը:
– Փոխզիջում ասվածը շատ ընդհանուր է. Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակության պատրաստ լինելն էլ արդեն մեզ համար որոշակի առումով փոխզիջում է: Ադրբեջանը շարունակում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց, առաջնագծում քայլեր է իրականացնում լարվածության մեծացման համար: Իսկ մենք դեռ չենք հրաժարվել խնդիրը կարգավորելու բանակցային ճանապարհից: Դա արդեն իսկ փոխզիջում է:
– ՀՀԿ-ի կողմից ներկայացված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատրաստվում է գալ Արցախ, հանդիպումներ ունենալ: Արցախում նախնական ի՞նչ տպավորություններ ունեն այս թեկնածության վերաբերյալ: Ինչպե՞ս կազդի այս նշանակում-ընտրությունը Արցախի հարցի հետագա բանակցային գործընթացի վրա: Ի՞նչ ակնկալիքներ կան:
– Շատ տրամաբանական է, որ ցանկացած մարդ, ով Հայաստանում հավակնում է լինել նախագահի պաշտոնում, նման բան է հայտարարում: Իհարկե, Արմեն Սարգսյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առնչվել է Արցախի ու Արցախի շուրջ ընթացող գործընթացներին. ամեն դեպքում այս փուլում այդ հանդիպումները իսկապես կարեւոր են:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
30.01.2018