Չցանկանալով ներքաշվել քաղաքական քննարկումների մեջ, թե ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականի ապրիլից, ցանկանում եմ կենտրոնանալ արտաքին քաղաքական այն մարտահրավերների վրա, որոնք գոյություն են ունենալու Հայաստանի հաջորդ առաջնորդի համար։
Կարծում եմ՝ կա հանրային լայն կոնսենսուս առ այն, որ Հայաստանի եւ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը Հայաստանի ղեկավարի առաջնային մարտահրավերն է լինելու։ Հայաստանը շրջափակված է երկու հարեւանների կողմից, որոնցից մեկի հետ ունի թշնամական հարաբերություններ, մյուսի հետ գտնվում է փաստացի պատերազմի վիճակում։ Հայաստանի վարչապետը պետք է փայլուն պատկերացում ունենա Արցախի հիմնախնդրից, դրա պատմությունից, ընթացքից, մասնակից լինի Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը, փորձ ունենա պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցում։
Միաժամանակ Հայաստանի հաջորդ առաջնորդը պետք է պատկերացում ունենա երկրի պաշտպանունակությունից (զինված ուժերից մինչեւ ռազմական արդյունաբերություն), բանակի մարտունակությունից, ազգային անվտանգության ռազմավարությունից եւ մարտավարությունից։
Ինչպես հայտնի է, մի բան է՝ հաղթել պատերազմում, այլ բան է՝ ամրապնդել այդ հաղթանակը բանակցություններով եւ դիվանագիտությամբ։ Այս առումով կարեւոր մարտահրավեր է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու բանակցային գործընթացը։ Հայաստանի առաջնորդը բանակցային գործընթացին պետք է տիրապետի անթերի, բոլոր մանրամասներով եւ նրբություններով հանդերձ, պետք է ունակություն ունենա Հայաստանի դիրքորոշումը առաջ մղել բանակցային սեղանի շուրջ։
Այլ մարտահրավեր է այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը պետք է ընկալելի եւ ընդունելի գործընկեր լինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար։ Սա ոչ միայն Մինսկի խմբի համատեքստում, այլեւ ընդհանրապես արտաքին քաղաքական թատերաբեմում։
Արտաքին աշխարհը պետք է վստահ լինի, որ Հայաստանի առաջնորդը ինքնուրույն գործիչ է՝ օժտված քաղաքական կամքով եւ ներքաղաքական կշռով։ Հայաստանի կենսական շահերից է բխում արտաքին քաղաքականության բազմավեկտոր իմպլեմենտացիան, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ՝ Պեկինից մինչեւ Մոսկվա, Վաշինգտոնից Թեհրան ու Բրյուսել։ Սա նշանակում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է միջազգային հարաբերությունների լուրջ փորձառություն ունենա՝ բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու համար։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի նոր վարչապետի արտաքին մարտահրավերները էապես պայմանավորված են անվտանգության խնդիրներով, բանակցային գործընթացներով եւ գլոբալ խաղացողների լարված հարաբերություններում մանեւրելու ունակությամբ։ Հետեւաբար հաջորդ վարչապետը պետք է գիտակցի արտաքին մարտահրավերները, փորձ եւ գիտելիք ունենա դրանք չեզոքացնելու համար եւ ընդունելի լինի արտաքին խաղացողների համար։ Թեկնածուների պակաս կարծես չկա, իսկ կա՞ն արդյոք այս ունակությունները բոլորի մոտ։
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ»
30.01.2018