«Առավոտ» օրաթերթի հունվարի 11-ի առաջին էջում անդրադարձել էինք Թբիլիսյան խճուղու «Ձմեռային այգուն» հարակից կանգառին, որտեղ աղբամանի բացակայության պատճառով քաղաքացիները աղբը կանգառասրահի հետնամասում էին թափում: Նշել էինք, որ այգու հաճախորդների հաշվին այդ կանգառից օգտվողները ավելացել են եւ իրենց ձեռքի աղբը` պլաստիկե ու ապակե շշեր, սուրճի բաժակներ, սննդի մնացորդներ, հենց փողոցում են նետում, որտեղ արդեն «լուրջ» աղբանոց էր ձեւավորվել: Հիշեցրել էինք նաեւ, որ «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում Երեւանում ու մարզերի ճանապարհներին, հեռուստատեսությամբ սոցիալական ուղղվածությամբ երեք գովազդ է ցուցադրվում` «Աղբի տեղն աղբամանում է» ուղերձով: Սակայն եթե աղբաման չկա, աղբը հայտնվում է փողոցում:
Հրապարակումից մեկ-երկու օր անց Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այդ հատվածում աղբաման տեղադրվեց: Կանգառասրահի հետնամասի աղբն էլ մաքրված էր: Աղբամանը տեղադրելու օրվանից ի վեր քաղաքացիները բարեխիղճ օգտվում են եւ աղբը ոչ թե գետնին, այլ աղբամանի մեջ են լցնում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
30.01.2018