Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուները հեռախոսով են տեղեկացել իրենց տունն աճուրդով վաճառելու մասին

Հունվար 31,2018 14:00

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1 տանտիրուհուն՝ Մարգարիտա Շահինյանին, այցելությանս պահին կանչել էին գլխուղեղի անոթների սրացման համար հետազոտման: Դուռը բացողը նրա ամուսինն էր, թոշակառու, պատմաբան, որն ասաց, թե ապրումներից վատթարացել է թե իր, թե կնոջ առողջական վիճակը:

Շենքը, որը համարվում է բազմաբնակարան, կառուցվել է 1935 թվականին: Լուսանկարում պատկերված վիճելի տունը գտնվում էր երկրորդ հարկում:

64-ամյա մանկավարժ, անգլերենի մասնագետ Մարգարիտա Շահինյանն ամուսնու, որդու, դստեր եւ անչափահաս փոքրիկի հետ այս տունը գնել են 2002թ.-ին: Որդին իր երկու անչափահաս երեխաների հետ աշխատանք գտնելու հույսով մեկնել է Ռուսաստան, իսկ ընտանիքը շարունակում է ապրել 78 քմ մակերեսով տանը:
Տան վիճակը գնահատման ակտի համաձայն գնահատվում է այսպես. «Տունն անմխիթար, ծայրահեղ վատ վիճակում է, ծածկը՝ շիֆերները, հնացած են, հատակը՝ փայտյա, պատերը՝ ոչ պիտանի»:

Զրուցակիցս՝ տանտիրոջ ամուսինը ցույց է տալիս առաստաղը, որը մի անգամ հորդառատ անձրեւներից հետո բացվել էր եւ ընկել երեխաների մահճակալի վրա:
Հատակը, եթե հնամաշ գորգերով ծածկված չլիներ, կտեսնեինք մատաչափ անցքերը:
Երկու թոշակառուները որոշում են վարկ վերցնել, տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնելու նպատակով:

Մարգարիտա Շահինյանը դիմում է «Առէքսիմբանկ»-«Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերությանը, եւ ստանում երեք տարով 6 միլիոն դրամի վարկ: Գրավ է դրվում նկարում պատկերված տունը:

Կենսաթոշակառուներն ասում են, թե իրենք մուծել են մայր գումարից էլ ավելի գումար՝ 6 միլիոն 700 000 դրամ, սակայն բանկից գրություն են ստացել, թե դեռ պարտք են մոտ չորս միլիոնի չափով տույժ եւ տուգանքներ, իսկ մեկուկես միլիոն էլ մայր գումարից:
Օրեր առաջ հեռախոսով նրանց զանգել են Դատական ակտերի հարկադիր ծառայությունից եւ հայտնել, թե բանկն առաջին իսկ փորձով աճուրդով գնել է վիճելի տունը: Ի դեպ, գինը եղել է 5 միլիոն 300 000 դրամ:

Աճուրդի ժամանակ տանտերը եղել է հիվանդանոցում:

Զրուցակիցս ասում է, թե գնացել է բանկ, խնդրել, որպեսզի փուլ առ փուլ վճարեն երեք հարյուր հազար դրամը, այսպիսով, մայր գումարից էլ ավելի, սակայն չեն համաձայնել:
Բանկը գլխավոր տնօրեն Ա. Անանյանի անունից մի այսպիսի գրություն էր ուղարկել տանտիրոջը. «Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարները ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»:


Իրավահաջորդ «Արդշինբանկն» առաջարկում է աճուրդի գումարը տրամադրել՝ տունը ստանալու համար:

Երկու կենսաթոշակառուների թոշակը միասին 85 000 դրամ է կազմում, ինչպես են հետ ստանալու իրենց տունը, ուր քնում են վախով, թե մի օր կարող են այս ավերակն էլ ձեռքներից վերցնել: Ու սա այն դեպքում, երբ մայր գումարից ավելի իրենք վճարել են բանկին:

Նշենք, որ կառավարությունն ունի պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին կառավարության որոշում:

Հիշո՞ւմ եք, անցյալ տարի նույն այս խնդրի դիմաց ինչքան խոցելի ընտանիքներ կանգնեցին: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանը, երբ ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ասաց, թե առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու նպատակով: Անդրադարձ կատարվեց նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության (ընդունվել է 1952 թվականի մարտի 20-ին) 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին: Համաձայն հիշյալ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի նրան զրկել գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031