Օրերս «Տեսակետ» մամուլի ակումբում «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը «Հաճըն հայրենակցական միության» ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար եւ «Տեսակետ.ինֆո» լրատվականի խմբագիր Հովհաննես Գրիգորյանին պարգեւատրեցին Վազգեն Սարգսյան շքանշանով՝ միշտ հայոց բանակի կողքին լինելու, Արցախյան պատերազմում մանրակրկիտ կերպով բանակաշինության գործընթացը լուսաբանելու եւ լրատվական դաշտում մեր երկրի սահմանների ամրությունը պահպանելու համար: Հովհաննես Գրիգորյանի խոսքով, պարգեւատրումը հատկապես կարեւոր էր՝ Հայոց բանակի տոնի առիթով: «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ, բանակ, որը կազմավորվեց եւ գոյատեւեց ձեզ պես քաջ, հայրենասեր մարդկանց շնորհիվ, մեր մահապարտների, ովքեր ամեն գնով պատրաստ էին եւ այսօր էլ պատրաստ են ցույց տալ ոսոխին իր տեղը»,-ասաց նա:
Պարգեւատրումից հետո ակումբում հյուրընկալված մահապարտները, ֆիդայիները, ակումբի ղեկավարի հետ կատարեցին «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք, վաղ թե ուշ» հայրենասիրական երգը:
«Առավոտ»
30.01.2018