Ամառային եւ ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով տարբեր երկրներից դոպինգ սպաներ են հրավիրվում: Ազգային հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ նամակ-հրավեր են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի եւ այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:
«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ», – Aravot.am-ին տեղեկացրել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ