Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք նման սերտաճվածությունը քրեական, կոռումպացված իշխանության հետ բխում է մեր շահերից». Արթուր Սաքունց

Հունվար 30,2018 23:11

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի կարծում, որ ԱՄՆ-ի իշխանությունները ՌԴ նկատմամբ պատժամիջոցների մեթոդի կիրառման ժամանակ ելնում են անձի էթնիկական պատկանելիությունից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսում ներկայացրել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում թվարկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անունները: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 210 անուն՝ 114 պաշտոնյա և 96 գործարար: Ցուցակում է նաեւ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության՝ պատժամիջոցային քաղաքականության հարցերով նախկին գլխավոր համակարգող Դենիել Ֆրիդը «Կոմերսանտին» ասել էր, որ ցուցակում անձի անունը ներառելը նշանակում է՝ նրա դեմ ավտոմատ կերպով կիրառվում են պատժամիջոցներ:

«Խնդիրը ՌԴ իշխանությունների քաղաքականությանն է վերաբերում, դրա գնահատականի ու այդ քաղաքականությունը կրողներին, որոնց թվում կարող են լինել ե՛ւ ռուս, ե՛ւ հրեա, ե՛ւ վրացի, բոլոր այն ազգերի ներկայացուցիչները, որոնք բնակվում են ՌԴ-ում: Էթնիկ պատկանելությունը որեւէ նշանակություն չունի: Ակնհայտ է, որ Ռուսաստանի նման պետությունում, որտեղ կոռուպցիան համակարգային է եւ իշխանությունն իրականացնում է՝ անկախ պաշտոնի անվանումից՝ նախագահ, թե վարչապետ անձամբ Պուտինի կողմից, որեւէ մեկը չի կարող տնտեսության, քաղաքականության մեջ հաջողություն, բարեկեցություն, կարիերայի աճ ունենալ առանց Պուտինի համաձայնության»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Նա նկատեց, որ նրանք, որոնք փորձել են ընդդիմանալ Պուտինի իշխանությանը, ունեզրկվել են, ազատազրկվել, իսկ վերջում ստիպված եղել հեռանալ երկրից «Նույնն է մեր երկրում, տեսանք՝ ինչ կատարվեց Խաչատուր Սուքիասյանի հետ, երբ փորձեց ընդդիմանալ իշխանությանը, նրա սեփականության մի մասն առգրավվեց, այնուհետեւ քրեական գործ հարուցեցին, որոշակի պայմանավորվածության արդյունքում նա խուսափեց ազատազրկումից: Կամ տեսանք՝ ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, երբ փորձեց իշխանության դիրքորոշման դեմ հանդես գալ, նա տուրք տվեց սպառնալիքին ու հաշտվեց: Այնպես որ, եկեք ԱՄՆ-ի պատժամիջոցների վերաբերյալ այդ փաստաթղթին մոտենանք ըստ արժանվույն: Խոսքը վերաբերում է ապօրինություններ թույլ տված իշխանության ներկայացուցիչներին:

Իսկ Սամվել Կարապետյանը ՌԴ դոլարային միլիարդատերներից մեկն է, եւ ակնհայտ է, որ առանց իշխանության հետ լոյալության, առանց քաղաքական պայմանավորվածության որեւէ քայլ չի կարող կատարել: ՀՀ տնտեսությունը, քաղաքական համակարգն այնքան է սերտաճած ՌԴ –ի հետ, այդ թվում անձերի մակարդակով, որ ՌԴ իշխանությունների դեմ կիրառված պատժամիջոցները անխուսափելիորեն ազդում են ՀՀ վրա: ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները պետք է եզրակացության գան ու մտածեն, արդյոք նման սերտաճվածությունը քրեական, կոռումպացված իշխանության հետ բխում է մեր շահերից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031