«Բոյկոտը, եւ մեկ տարի մասնակցության նման ֆորմատը այնպես չէր, որ մենք նախատեսել էինք, կամ ի սկզբանե մեր ընտրությունն էր: Դեպքերի զարգացումը ստիպեց, որ մենք գնանք այդ ճանապարհով,-այսօր «Լոռի» մեդիա-սրահում «Տեղական քաղաքականություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ խոսելով մեկ տարի տեւած բոյկոտի մասին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այդ մեկ տարվա ընթացում իրենք կատարել են ավագանու բոլոր պարտականությունները, բացառությամբ ավագանու նիստերին մասնակցելը. «Մեր ամփոփիչ մեկ տարվա գործունեության հետեւանքով կարող եմ ասել, որ բավականին լուրջ առաջընթաց ենք ունեցել հենց քաղաքի կառավարման պրոցեսներն ուսումնասիրելու առումով, դրանց վերահսկողական լծակներ սահմանելու կամ որոշակի գործողություններ կանխելու առումով: Որը մեր չլինելու պարագայում դրանք ավելի անկաշկանդ տեղի կունենային կամ որեւէ մեկին հաշվետու չէին լինի այս կամ այն գործողությունն իրականացնելուց: Եթե չկա վերահսկողություն, դրանից դուրս կարող է գործել ցանկացած իշխանություն եւ անել ցանկացած բան, որը որ իր մտածողության կամ իր արժեքների սահմաններում է: Որը միշտ չէ, որ կարող է համընկնել համայնքային շահի հետ»:
Մարուքյանի կարծիքով ՍԴ-ի որոշումը ցույց տվեց, որ իրենց կատարած քայլերը ճիշտ եւ հիմնավոր են եղել: Իսկ բոյկոտը շարունակելու իմաստ այլեւս չէին տեսնում. «Նույնիսկ նման նախադրյալ չենք ունեցել, որ նման միանշանակ վճիռ կայացված լինի ՍԴ-ի կողմից: Պարզապես դրանից հետո պետք է բխեին կառավարության եւ ԿԸՀ-ի քայլերը, որոնք տեղի չունեցան, իսկ իրավական առումով մենք այլեւս ատյան չունեինք շարունակելու: Այսինքն, իրավական առումով քայլերը սպառված էին: Քայլերը սպառվեցին նաեւ քաղաքական առումով, երբ որ տեղական մակարդակով կնքվեց համագործակցության նոր հուշագիր: Եւ դա էր պատճառը, որ այլեւս անիմաստ էր բոյկոտը եւս 4 տարի կամ որոշակի ժամանակ շարունակել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ