«Ես գտնում եմ, որ սխալ է, որ «Ելքը» չգնաց նախագահի մոտ, որովհետեւ այն հարցերը, որ բարձրացվում են, շատ լավ հնարավորություն էր գնային եւ ասեին՝ եղբայր, մենք այս-այս հարցերում, ինչ դուք ասում եք, համաձայն չենք: Մեր քաղաքական դաշտը շատ կոմպլեքսավորված է, չեն հասկանում, որ կոնտակտն է միակ միջոցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ նկատի ունենալով ԱԺ ղեկավար կազմի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին «Ելքը» չմասնակցեց:
Հիշեցնենք, որ նախագահի հրավերից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տարածել էր իր գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահին, որտեղ հորդորում էր նրան ու ԱԺ ղեկավար կազմին չմասնակցել այդ հանդիպմանը: Ըստ Փաշինյանի, «որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, հրավիրել էր՝ պետք է գնային: Դիտարկմանը, որ գնացողներն ի՞նչ շահեցին՝ Ռուբեն Հակոբյանն արձագանքեց. «Գնացին, լսեցին ինչ ասաց Սերժ Սարգսյանը: Իրենք կարող էին գնալ, ընդհանուր ստանդարտին չենթարկվել, նստել եւ ասել, որ մենք այսպես ենք պատկերացնում, սա անում եք սխալ: Որովհետեւ կոմպլեքսավորված են, որովհետեւ եթե գնային, կարող է մի-երկու չտես ասեին՝ նախագահի հաճախորդն է: Մենք այս տարրական բաները չենք հասկացել՝ ինչ ասել է քաղաքականություն եւ կոմպլեքսավորված մենք չենք կարող քաղաքական նորմալ զարգացումներ ապահովել»:
Հարցին՝ այդ կոմպլեքսի արդյո՞ւնքն է, որ Ելքը 6-րդ գումարման ԱԺ-ի բացմանը անգամ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթները բոյկոտեց՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես դիտում եմ, որ սխալ է: Ես կարծում եմ, որ մենք արդեն 30 տարի անկախ ենք եւ այդ տարրական բաները պիտի սովորած լինենք: Կան սիմվոլներ, կապ չունի ով է, պետք է դու կարողանաս սիրել դա, պետք է կարողանաս արժեւորել քո ներկայությամբ, որպեսզի հետագայում քո նկատմամբ նույնը չվարվեն: Մենք չունենք այդ մշակույթը, ցավում եմ դրա համար: Ես վստահ եմ, որ եթե իրենք կոմպլեքսավորված չլինեն, իրենք կգտնեն, որ դա ճիշտ է: Ուղղակի իրենք նայում են, որ մարդիկ կան, կարող են այլ գնահատական տալ: Կամ ուզում են կինոյի լավ տղու նման առանձնանալ բոլորից, որ տեսեք, մենք ուրիշ ենք: Դա տխուր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ