Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ «Ելքը» կոմպլեքսավորված է, դրա համար էլ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց իր մոտ, չգնաց:
Aravot.am-ի հարցին՝ դուք ո՞ր տարբերակն եք ճիշտ համարում, արժե՞ր գնալ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, թե՞ բոյկոտն եք ճիշտ համարում՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանեց.
«Երբ որ գործընկերային հարաբերություններ են, կարեւոր չի ով ում մոտ է գնում, երբ որ քննարկման գործ կա: Կա նաեւ հարգանքը այդ կարգի նկատմամբ, այն պաշտոնի նկատմամբ, որը դու ունես, պաշտոնը քեզ պարտադրում է որոշակի վարքագիծ, ուրեմն դա պետք է հարգվի: Չպետք է նվաստանալ ոչ մի պայմանով, եթե դա նվաստություն է: Բայց այն, ինչ անում է «Ելքը», ինչ պետք է ասեր կաբինետում на ковре…այդտեղ ինքը на ковер էր կանչել, կանչել էր իր մոտ, տեսնի ինչ կա-չկա: Գնացողներն էլ գնացին, որովհետեւ գիտեին՝ եթե զայրացավ նա, իրենք չկան, իրենցից ոչինչ չեն ներկայացնում: «Ելքի» այդ վարքագիծը ես գովում եմ, նրանք ինչ ասելու էին Սերժ Սարգսյանին, փողոցում դա ասացին, տարբեր խոսափողներից արդեն ասել են, այսինքն, Սերժ Սարգսյանն արդեն գիտեր «Ելքն» ինչ կարծիք ունի բարձրացվող հարցերի վերաբերյալ: Այս դեպքում «Ելքը» ճիշտ իրեն պահեց, որովհետեւ ես արդեն ասել եմ իմ կարծիքը, եթե թեյ ու սուրճ խմելու համար է, պետք չէր դա հրապարակել ու դարձնել քննարկման առարկա: Իսկ ովքեր գնում են, բա ի՞նչ պիտի անեն, որ չքննադատեն, այո՛, հաճախորդները գնացին նրա նստավայր: Սա հաճախորդի այցելություն էր, «Ելքը» իրեն հաճախորդ չհամարեց, կարող է եւ չի, պետք է սա ստուգել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ