Այսօր երեկոյան գիտնականների հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հետնամուտքով հեռացավ` չպատասխանելով ակադեմիայի առաջին հարկում սպասող լրագրողների հարցերին: Արմեն Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկ ժամից ավելի հանդիպում էր կազմակերպել գիտնականների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումը փակ էր եւ լրատվամիջոցների մուտքը արգելվեց:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հարցերին, թե ո՞ր մուտքով հեռացավ Արմեն Սարգսյանը, վստահեցրեց, թե սովորական մուտքով. «Արմեն Սարգսյանն ասաց ցտեսություն ու հեռացավ»: Ավելի ուշ պարզեցինք, որ պարոն Սարգսյանին հետնամուտքով են ուղեկցել:
Aravot.am-ի հարցին, թե գիտնականներն ի՞նչ ակնկալիք ունեն ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Գիտնականների ակնկալիքները շատ են, որ մեր լրատվամիջոցները հաճախակի գիտության մասին նորմալ, օբյեկտիվ գնահատականներ տան, ներկայացնեն մեր գիտության նվաճումները եւ այլն»:
Մանրամասները` տեսանյութում
Արմեն Սարգսյանն արդյոք խոսե՞լ է կոնկրետ քայլերի մասին հարցին, Ռադիկ Մարտիրոսյանն ի պատասխան ասաց. «Չէ, դե կոնկրետ քայլը ո՞րն է»: Հարցին, թե ինքը իշխանության մեղքը տեսնո՞ւմ է Հայաստանից արտագաղթի հարցում, պատասխանեց` չգիտեմ, չեմ կարող այդպիսի եզրակացություն անել. «Նա ասաց, թվարկեց որ կյանքի բոլոր բնագավառներում պետք է լավ աշխատենք, որ արտագաղթ չլինի»:
Հարցրին նաեւ պարոն Մարտիրոսյանի կարծիքը` թե ո՞րն է պատճառը, որ Հայաստանից այդքան մարդ հեռանում է, ի պատասխան ԳԱԱ նախագահն ասաց` չգիտեմ. «Դուք ուզում եք, որ մեկ ժամում բոլոր պրոբլեմները, որ կուտակվել են, լուծվե՞ն»:
Մանրամասները` տեսանյութում
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, գիտնականին անհրաժեշտ է լավ վերաբերմունք, որը չկա եւ դա է պատճառը, որ այսօր պակասել են բնական գիտությունների գծով ուսանողները:
Մանրամասները` տեսանյութում
Արմեն Սարգսյանը գիտնականների հետ չի՞ խոսել հայրենադարձություն կազմակերպելու իր ծրագրերից, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ դրա մասին չի խոսել: Կյանքը կազմակերպելու, տնտեսություն, զարգացում, երկրի հարաբերությունները, դեմոկրատիա եւ այլն»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ