2015 թվականին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց գործի նյութերին կցել տեղեկանք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը Սերգեյ Ուռումյանն է: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Անդրադառնալով մեղադրող կողմի այն պնդումներին, որ կեսարյան հատումը եղել է առաջնային բուժօգնություն, ինչը խախտվել է, պաշտպան Սիրունյանը հավելեց. «Մենք հարցում ենք արել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե կեսարյան հատումն առաջնային բժշկական օգնությո՞ւն է, թե՞ մասնագիտացված: Մեզ հարցման համար հիմք էր հանդիսացել մեղադրողի հայտարարությունը, թե առաջնային բժշկական օգնությունն է խախտվել: Առողջապահության նախարարությունից պատասխան ենք ստացել, որ կեսարյան հատումը մասնագիտացված բժշկական օգնություն է»:
Դատարանում, սակայն, ԱՆ պատասխանից պարզվեց, որ նախարարությունն առաջնորդվել է 2016թ.-ի փետրվարի հրամանով:
«Խեղաթյուրված եք ներկայացնում պատասխանը, սա ինչո՞վ է վերաբերվում մեր գործին, եթե մեր դեպքը տեղի է ունեցել հրամանից 6 ամիս առաջ»,- պաշտպանական կողմին դիմեց նախագահող դատավոր Դավիթ Բալայանը:
Դատարանը հայտնեց, որ այդ պատասխանը վերաբերելի չէ քրեական գործին:
Դատարանը քրեական գործի նյութերին կցեց նաեւ «Շենգավիթ Բ/կ»-ին ուղղված պաշտպանական կողմի հարցման պատասխանը, ըստ որի, 2015թ.-ի հուլիսի 24-ին, 25-ին, 26-ին եւ 27-ին ովքեր են հերթապահել եւ որ օրերին է աշխատել Շուշանիկ Բախշյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 14-ին:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոնում» որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը:
Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ