Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սաֆարյան. «Ըմբշամարտիկի կարիերաս ավարտելու մասին երբեք չեմ մտածել, դրա համար ուզում եմ մեծ գորգ վերադառնալ»

Հունվար 30,2018 18:16

2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մտադիր է վերադառնալ մեծ ըմբշամարտ:

Նա Ռիոյի օլիմպիական խաղերից հետ շուրջ երկու տարի հանդես չի գալիս մրցաշարերում, սակայն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ:

«Ռիո դե Ժանեյրոյից հետո շատ մեծ հոգնածություն էի զգում: Պրոֆեսիոնալ մակարդակում մարզիկի կյանքը հեշտ չէ՝ մշտական հավաքներ, մրցումներ, քաշի մշտական կարգավորում: Դա շատ բարդ գործընթաց է: Բացի դա, առողջության հետ կապված խնդիրներ էլ կային: Որոշեցի, որ հարկավոր է դադար վերցնել, ապաքինել վնասվածքներս:

Իհարկե, այս ընթացքում շարունակում եմ մարզավիճակ պահպանել: Անկեղծ ասած, վարժասարքերից արագ ձանձրանում եմ, իսկ երբ Կրասնոդարում մարզադահլիճ եմ մտնում, որտեղ աշխատում է մարզիչս՝ Աբդուլլա Մագոմեդովը, ընկնում եմ տարերքի մեջ:

Հիմա եկել է լիարժեք մարզումներին վերադառնալու, մեր ազգային ընտրանու կազմում ուսումնամարզական հավաքների եւ մրցումների մասնակցելու ժամանակը: Ըմբշամարտիկի կարիերաս ավարտելու մասին երբեք չեմ մտածել: Չեմ ցանկանում հետո զղջալ, որ վաղ հեռացա սպորտից: Դեռ 28 տարեկան եմ եւ ցանկանում եմ նորից բարձր մակարդակով հանդես գալ: Ժամանակ դեռ կա: Կարեւորը հոգեբանորեն պատրաստ լինելն է: Ոչ-ոք ինձ չի պարտադրում եւ մտադրությունիցս հետ կանգնելու խորհուրդ չի տալիս: Վերջնական որոշում ինքս եմ կայացնելու: Մշտական կապ եմ պահպանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի, հատկապես՝ Արայիկ Բաղդադյանի, նախարար եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Կիրակի օրը ներկա էի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Շատ հետաքրքիր գոտեմարտեր եղան, հաճույքով հետեւում էի, չնայած ինքս ազատ ոճի ըմբիշ եմ: Զգացի, որ ուզում եմ կրկին գորգ մտնել, միանալ ազգային թիմի մարզումներին մասնակցել մրցումների: Դրա համար պետք է աշխատել եւ վերստին լավագույն մարզավիճակի հասնել: Եվրոպայի առաջնության մասին խոսելն անիրական է: Չեմ հասցնի: Բայց աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն կա: Ներկա պահին 70 կգ եմ, երկու քաշային կարգերի մասին եմ մտածում՝ 65 կամ 70 կգ: Մնացածը մարզումային գործընթացը ցույց կտա: Սպորտում պետք է բարձր նպատակներ դնել եւ ձգտել հասնել դրանց: Ես հենց այնպես գորգ վերադառնալ չեմ ուզում: Դա ժամանակի անիմաստ կորուստ եւ ուժերի վատնում կլինի», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սաֆարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031