Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան ցուցակը», որի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, ամենայն հավանականությամբ, պետք է պատժամիջոցներ սահմանվեն:
Պուտինը նշել է, որ նման ցուցակներն իմաստ չունեն և բարդացնում են առանց այն էլ դժվար վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները և վնաս է հասցնում ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններին:
«Մենք բոլորս ավելի լավ է մտածենք մեր մասին: Պետք է զբաղվել սեփական տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ, պետք է զբաղվել արտահանման աջակցությամբ, առողջապահությամբ, կրթությամբ… Եվ այդ ժամանակ, ի վերջո, կգա այն գիտակցությունը, որ ոչ մի իմաստ չկա կազմել ինչ-որ ցուցակներ, սպառնալ, վախեցնել կամ փորձել զսպել մեր զարգացումը: Ահա սա է ամենագլխավորը, որով մենք պետք է զբաղվենք՝ առաջնորդվելով հայտնի կանոնով. շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է գնում»,- ասել է Պուտինը:
Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը թեև դրան սպասում էր, բայց զերծ կմնա պատասխան գործողություններից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ