Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհերքելի է, որ Աննա Միսակյանը կապ ուներ Մաջնունյանի սպանության հետ, բայց ո՞ւմ էր նա թաքցնում». փաստաբան

Հունվար 30,2018 17:48

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի երիտասարդ տնօրեն Մուշեղ (Մոս) Մխիթարյանը (լուսանկարում):

Նախորդ նիստում մեղադրող-դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկման դատապարտել Մխիթարյանին, իսկ այսօրվա նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ Մխիթարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

«Թվում է, թե սա ապացուցված գործ է, բայց Մուշեղ Մխիթարյանն արդյոք մեղավո՞ր է կատարված արարքում: Ճշմարտությունն այն է, որ տուժողը՝ Անի Մաջնունյանը, սպանվել է, ինչի շուրջ Մխիթարյանի մեղքն ապացուցող միայն մեկ ապացույց ունենք՝ վկա Աննա Միսակյանի ցուցմունքները: Վկան, ցավոք, մահացել է, իսկ գործում առկա մյուս ապացույցներով հնարավոր չէ հաստատված համարել նրա մեղավորությունը»,-հայտարարեց Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Աննա Միսակյանն ամուսնու եւ երեխայի հետ մահացել էր գազի արտահոսքից. նա այս գործով առանցքային վկան էր եւ պետք է նորից հարցաքննվեր դատարանում:

Շարունակելով՝ Մարինե Ֆարմանյանը մի շարք հարցեր հնչեցրեց՝ որքանո՞վ էին ճշմարտացի եւ արժանահավատ Աննա Միսակյանի ցուցմունքները, ինչո՞վ էին պայմանավորված նրա ցուցմունքների միջեւ առկա բազմաթիվ հակասությունները, իրականում ո՞ւմ էր թաքցնում Աննա Միսակյանը, ո՞րն էր պատճառը, որ նա այդպես վկայում էր Մուշեղ Մխիթարյանի դեմ. «Ցավոք, նախաքննությունը չտվեց այս հարցերի պատասխանները, իսկ Աննա Միսակյանից դրանք ճշտել այլեւս չենք կարող»:

Պաշտպանը նկատեց՝ եթե Աննա Միսակյանը, ինչպես ինքն է ասել իր ցուցմունքներում, Մաջնունյանին սպանելու մտադրության մասին Մուշեղ Մխիթարյանից է տեղեկացել, հետո՝ նրանից սպառնալիք ստացել, որ այդ մասին ասելու դեպքում նույնը կպատահի իր ընտանիքի հետ, ապա ի՞նչն էր խանգարում, որ հենց առաջին ցուցմունքում Աննա Միսակյանն ասեր, որ ահաբեկված է եղել:

«Հանգուցյալի հետեւից խոսում են կամ լավը, կամ ոչինչ, բայց եթե անգամ ընդունենք Աննա Միսակյանի ասածը, թե Մուշեղը սպառնացել է իր եւ Աննայի սեռական կապի մասին ասել վերջինիս մորը, ապա Աննա Միսակյանն այնքան է կարեւորել իր կույս լինելու հանգամանքը, որ լռել է եւ թույլ տվել, որ առանձնակի դաժանությամբ մարդ սպանվի, մինչդեռ հնարավորություն ուներ հանցագործությունը կանխելու»,-ասաց Մարինե Ֆարմանյանը:

Նա նաեւ նշեց մեկ դրվագ. «Նախաքննական ցուցմունքներից մեկի ժամանակ Աննա Միսակյանի հիշողությունը «վերականգնվում» է, եւ նա քննիչին հայտնում է, թե Մուշեղը մեկ միլիոն դրամի չափով պարտք է եղել Անի Մաջնունյանին, մինչդեռ նախորդ ցուցմունքներում նման բան չէր ասել: Նրա ցուցմունքներում բազմաթիվ այսպիսի իրավիճակային հակասություններ կան»:

Պաշտպանի համոզմամբ՝ այն, որ Աննա Միսակյանը կապ ուներ Անի Մաջնունյանի սպանության հետ, անհերքելի է. «Բայց թե ինչպե՞ս եւ ո՞ւմ էր նա թաքցնում, մնաց անպատասխան: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը նրա համար «բեմադրության» տարբեր սցենարներ է գրել, որոնք պետք է նա ասեր՝ իրար հակասելով: Օրինակ՝ նա ասում էր, թե մինչեւ դեպքի օրը երբեւէ չի եղել Անի Մաջնունյանի բնակարանում, մինչդեռ Մաջնունյանի մայրն իր ցուցմունքներում նշեց, որ բազմիցս եղել է. նրանք հաճախ են շփվել իրա հետ, եղել են մտերիմ»:

Մարինե Ֆարմանյանը դատավոր Վարդան Աբրահամյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ դատարանում որպես վկա ցուցմունք է տվել նաեւ Մաջնունյանի նախկին ամուսինը՝ էքստրասենս Գաբրիելը, որը հայտնել է՝ ոմն Աշոտ 4500 դոլար է պարտք եղել Անիին: Սակայն, Ֆարմանյանի փաստմամբ, նախաքննական մարմինը չի ստուգել այդ կարեւոր տեղեկատվությունը:

«Նախաքննությունը չի գտել իրական մարդասպանին»,-եզրափակեց պաշտպանը՝ դատարանին խնդրելով անմեղ ճանաչել իր պաշտպանյալ Մուշեղ Մխիթարյանին եւ նրան արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հաջորդ նիստում՝ փետրվարի 12-ին, պաշտպանական ճառով հանդես կգա նաեւ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031