Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով

Հունվար 30,2018 17:21

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։ Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։

Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք և քեն հրահրելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, թուրքական պետական կառույցները ստորացնելու», «ահաբեկչական խմբավորումների գործունեությունը պրոպագանդելու» մեջ։

TTB-ի 11 անդամների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, նրանցից 8-ը ձերբակալվել են հունվարի 30-ի առավոտյան՝ իրենց տներում։ Ոստիկանությունը նաև խուզարկել է միության շենքն ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանի հրահանգով նախարարության կողմից դատական հայց է ներկայացվել Անկարայի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խորհրդի 11 անդամների գործունեության դադարեցման պահանջով։

Թուրք բժիշկների միության անդամները մեղադրվել են «Թուրքիայի գոյությանը սպառնացող ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը թուլացնող, միջազգային հանրության առաջ պետությանն ու ժողովրդին որպես հանցավոր ներկայացնող հայտարարություններ անելու և իրենց իրավասությունների մեջ չմտնող գործունեություն ծավալելու» մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրք բժիշկների միությունը հանդես էր եկել Սիրիայում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը քննադատող հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկացած պատերազմ սպառնալիք է ժողովրդի հոգեկան և ֆիզիկական առողջության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ խիստ էր արձագանքել միության այս հայտարարությանը՝ դրա հեղինակներին որակելով որպես «ահաբեկիչների սիրահարներ»։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031