Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց «Գլաձոր» համալսարանի կողմից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տված դիպլոմն անվավեր ճանաչելու վերաբերյալ 20 փաստաբանի հայցի քննությունը:
Դատական նիստն այսօր հետաձգվեց մինչեւ մարտի 2-ը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հայցվոր կողմի միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու, իսկ հայցվոր կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ դատարանը շատ արագ է նիստ նշանակել ու իր կասկածներով, նախագահող դատավոր Ավետիսյանի վրա որոշակի ճնշումներ են եղել:
Պարոն Աթանեսյանի խոսքով, Արա Զոհրաբյանի ինքնակենսագրությունը աչքի անցկացնելով՝ լուրջ կասկածներ են առաջացել նրա կրթության վերաբերյալ. «Մի անգամ մի տեղ եմ եղել, որտեղ նա հպարտությամբ իր ծառայությունից էր պատմում, իսկ կենսագրության մեջ չկա նման տեղեկություն: Ես հետո տեսա, որ դա եղել է ուսման տարիներին, հարցում ուղարկեցի ՊՆ, որտեղից հաստատեցին, որ նա այդ ընթացքում ծառայել է, ես հասկացա, որ այդ ուսումնական հաստատությունները անլուրջ էին վերաբերում ուսման գործընթացին, իրենց բավարար է եղել, որ ուսման վարձերը վճարեն եւ մեկ է եղել դասի կգան, թե ոչ»:
Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի դիպլոմին՝ պարոն Աթանեսյանն ասաց. «Եթե մարդ իրավաբան չէ, հետեւաբար փաստաբան չէ: Պալատի նախագահի պաշտոնում չի կարող լինել մի մարդ, ում դիպլոմը կասկածի տակ կարող է դրվել: Եթե մարդը չունի տեսական գիտելիք, նա այդ մասնագիտությանը չի կարող տիրապետել, պրակտիկը կոչվում է արհեստավոր, առանց դիպլոմ ինչ մասնագետ: Այդ կերպ խախտվում է մեր նախագահ ունենալու իրավունքը, փաստաբան ու փաստաբանի ստաժ ունեցող նախագահ ունենալու իրավունքը»:
Եթե հաստատվի, որ Արա Զոհրաբյանը ծառայել է, բայց չի սովորել ու դիպլոմ է ստացել, ըստ պարոն Աթանեսյանի՝դիպլոմը պետք է անվավեր ճանաչվի, ինչից հետո նրա փաստաբանի արտոնագիրը պետք է դադարեցվի. «Ու փաստաբանությունը մի մեծ ախոյանից կազատվի»:
Հիշեցնենք, որ պատասխանող կողմը «Գլաձոր» համալսարանն է, որի ներկայացուցիչներն էին փաստաբաններ Դավիթ Դանիելյանը և Վահագն Բալաբեկյանը: Հայց ներկայացրած փաստաբաններն են՝ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Քրիստինա Գևորկյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյանը, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը:
20 փաստաբանների հայցի պահանջն է՝ «Գլաձոր» ավարտական քննական հանձնաժողովի 1999 թվականի որոշումը` քաղաքացի Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու մասին և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից Զոհրաբյանին տրված դիպլոմը ճանաչել անվավեր: Որպես 3-րդ անձ գործում ներգրավված են նաև Կրթության, գիտության ու պաշտպանության նախարարությունները, նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանը իր դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ չցանկացավ մեկնաբանություն տալ:
Արփինե ՍիՄՈՆՅԱՆ
Իրավիճակը լրիվ համընկնում է իտալական Միլան ֆուտբոլոյին ակումբի նախկին սեփականատեր և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից արտահայտված այն մտքի հետ, որը նա ներկայացրեց կապված հայտնի ֆուտբոլիստ Բալոտելլիի հետ… Փաստաբաններ հիշեք ու մի մոռացեք այդ միտքը…