Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին»

Հունվար 30,2018 15:54

Դեկտեմբերի կեսերին նամակ եմ ստացել Երևանի Նոր Նորքի թ.120 մանկապարտեզի մի ծնողից, ով 5 էջում շարադրել էր մանկապարտեզի գործող տնօրեն Դիանա Մուրադյանի, իր կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Երբ սկսեցի հետաքրքրվել այդ տնօրենով, տառացիորեն 2 օր հետո պարզվեց, որ նա աշխատանքից ազատվել է ու այնտեղ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Բնականաբար այդ ծնողի ինձ հասցեագրված նյութերն արդեն չուղարկեցի Երևանի քաղաքապետին:

Ս.թ. հունվարի 29-ին նույն ծնողն հայտնեց, որ Դիանա Մուրադյանին կրկին նշանակել են այդ մանկապարտեզի տնօրեն, լուրը, ծնողի հավաստիացմամբ, հաստատել է վարչական շրջանի ղեկավարը: Թվում է, թե մեր իրականության մեջ այնպիսի անօրինական երևույթներ ու հարաբերություններ ենք տեսնում, որ էլ զարմանալու տեղ չկա, բայց ես իսկապես զարմացած եմ: Մեր իրականության մեջ ո՞ր դեպքում կարող էր քաղաքապետն այդ քաղաքացու հետ դեկտեմբերին խզել աշխատանքային պայմանագիրը, նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հունվարին՝ կրկին նշանակել նույն մարդուն: Մեր իրականությունն ասում է՝ միայն մի դեպքում, եթե այդ մեկն ունի պինդ թիկունք, հովանավոր, ՀՀ նախագահի ասած՝ միջնորդ ու որքան էլ ինքը խոստովանի, որ մինչ հունվար միջնորդների ինստիտուտն աշխատել է, բայց հունվարից չի աշխատելու, բարձրաձայնի թե միջնորդներն այլևս չհամարձակվեն իրեն դիմել միևնույն է ինքը չի լսելու, կյանքը ցույց է տալիս, որ այդ խոսքերն ու նախադասություններն ընդամենը մեր ականջներից կախած հերթական լապշաներն են:

Թե՛ ՀՀ նախագահի, թե՛ քաղաքապետի ու մարզպետների մոտ գործում է միայն միջնորդների ինստիտուտը: Կոռուպցիայի առկայության մասին աղաղակող հերթական այս փաստի մասին անմիջապես հարցում եմ ուղարկել քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Դիանա Մուրադյանի բարձրագույն կրթության դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճեները, դրանք ստանալուց հետո պետք է նաև պարզեմ, թե ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031