ՀՀ վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանի տեղեկացմամբ` Արցախի անհետ կորածների մի մասը ողջ է:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բալայանը մանրամասնեց. «Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից Ռաֆայել Բալայանը ողջ է և գտնվում է Ադրբեջանի բանտում: Նա այնտեղ է 1992-ից: Ադրբեջանը հրաժարվում է նրան հանձնել Հայաստանին»:
Պարոն Բալայանը վստահ չէ, որ երբևէ Ադրբեջանը կհամաձայնի ետ տալ Ռաֆայել Բալայանին. «Այնպես, ինչպես մեր զոհված տղաների դիակներն էին դիակապտում, այդ անող արնախումը նման քայլ երբեք էլ չի անի»:
Ռոման Բալայանը տեղեկացրեց, որ երկու անհետ կորածների իմաստուններ գտնվել են և բերվել, որ հանգչեն հայրենի հողում: Նրա խոսքով՝ արցախյան շարժման ժամանակ զոհվել է 23 կին ազատամարտիկ։
Պատերազմի տարիներին ադրբեջանական գերությունից կարողացել է փրկվել 2 տարեց մարդ, որոնցից մեկը 2 տարի առաջ մահացավ։ Մնացած գերիների մեջ կան 2 հրամանատարներ՝ Լյովա Սարգսյանն ու Ալեքսանդր Բալայանը, որոնց մասին տեղեկություններ չկան:
Ըստ պարոն Բալայանի, իր նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի դպրոցներում և զորամասերում կբացվեն 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների փառքի անկյուններ։
Ռոման Բալայանը նաև որոշ դրվագներ պատմեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի գործողություններից. «Ջաբրայիլի մատույցներում ադրբեջանական դիակներ էինք գտնում, բայց նրանք չէին ուզում տանել իրենց դիակները, որ հետո պատճառաբանեին, թե հայերը նրանց գերի են վերցրել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Այս ասուլիսից երկու օր անց «Փաստ» օրաթերթի հետ զրույցում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը նշել էր. «Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը: Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»:
Ռոման Բալայանը հրապարակավ ներողություն հայցեց իր տարածած ապատեղեկատվության համար: