Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակը»՝ նշելով, որ դա փորձ է ազդելու Ռուսաստանի նախագահական ընտրությունների վրա, սակայն այն որևէ ազդեցություն չի ունենա, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք իսկապես կարծում ենք, որ դա ուղղակի և ակնհայտ փորձ է՝ ինչ-որ գործողություններ այնպես հարմարեցնել ընտրություններին, որ դրանց վրա ազդեցություն լինի,- ասել է Կրեմլի խոսնակը՝ խոսելով այդ զեկույցի մասին:-Մենք դրա հետ համաձայն չենք, և համոզված ենք, որ ոչ մի ազդեցություն էլ չի լինի»:
Պեսկովը նշել է, որ այդ ցուցակի հրապարակումն ինքնին ոչինչ չի նշանակում, «այն չի նշանակում պատժամիջոցների հերթական ալիք»: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ անհրաժեշտ է վերլուծել և սպասել՝ ինչ գործողություններ կհետևեն այդ ցուցակին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ