Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փարավոն Միրզոյան. «Վաղուց Նկարիչների միություն չկա, մենք ամենահետամնացն ենք»

Հունվար 30,2018 14:32
nkarichneri miutyun

Հունվարի 30-ին Հայաստանի նկարիչների միությունը կոնֆերանս է հրավիրել, որի մասին շատ նկարիչներ տեղյակ չեն: Նրանք կարծում են, որ միության նախագահը միտումնավոր է ծածուկ կոնֆերանս հրավիրել:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ կոնֆերանսը հրավերով է եւ պարտադիր չէ բոլորը տեղյակ լինեն: Մեր հարցին` ՀՀ ժողովրդական, վաստակավոր նկարիչների՞ն էլ չեն հրավիրում, ՀՀ նկարիչների միության նախագահը պնդեց՝ դա հրավիրովի է եւ ներկայացուցչական:

Aravot.am-ը կապվեց այլ նկարիչների հետ նույնպես: Օրինակ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը հրավիրված էր, բայց ասաց, որ չի հիշում, թե ինչպիսին է օրակարգը:

Aravot.am-ը ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանից հետաքրքրվեց` արդյոք ինքը հրավիրվա՞ծ է այդ կոնֆերանսին, մանավանդ ժողովրդական նկարիչ է եւ միության երկարամյա անդամ:

Պարոն Միրզոյանը պատասխանեց, որ հրավեր չի ստացել, ապա հավելեց. «Ես կարծում եմ, որ այդտեղ Նկարիչների միություն չկա եւ վաղուց ժամանակն է համագումար հրավիրելու: Չի կարելի 20 տարի անիմաստ անցկացնել…Ես համեմատում եմ Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի տարածքի այլ հանրապետությունների հետ ու զարմանում եմ, թե ինչքան հետ ենք մնացել, ուրիշները ինչ աշխատանքներ են կատարում, ինչ ցուցահանդեսներ են կազմակերպում, իսկ մե՞ր միությունը… Մենք ամենահետամնացն ենք դարձել»:

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը եւս հրավիրված չէր կոնֆերանսին: Նա ասաց, որ Կարեն Աղամյանն իրավունք չունի նման ձեւով կոնֆերանս հրավիրել. «Նա քսան տարի է՝ ղեկը վերցրել է իր ձեռքը, վնաս է հասցրել միությանը, հեղինակազրկել է կերպարվեստի միջավայրը, միությունը զրկվել է իր ունեցվածքներից, շենքը մասնակիորեն է մերը` դահլիճները եւ իր աշխատասենյակը, մնացածը չգիտեմ թե ովքեր են, շենքեր են ավերվել, ինքը 1200 քմ նվիրել է մասնավոր մի անձի …»:

Հաղթանակ Շահումյանը վկայակոչելով Կարեն Աղամյանի նախկին հարցազրույցը, նշեց. «Նա ինքնամերկացնող հայտարարություն է անում, ասում է` ունեմ անձնական խնդիրներ, դրա համար էլ կարող է շուտ անեմ համագումար: Միությունը կոլեկտիվ ղեկավարման մեխանիզմ ունի, կա վարչություն, քարտուղարություն: Իսկ իր ասածը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ միանձնյա է ղեկավարվում միությունը, եւ ինքը այս կամ այն բանը կարող է անել, եթե իր անձնական խնդիրներն ունի: Ինքը քանդել է այդ ասպարեզը, միությունը ոչնչացված է: Ինչո՞ւ չի հրավիրել ինձ կոնֆերանսին, Էլիբեկյանին, Փարավոն Միրզոյանին, Արզումանյանին, մյուսներին…Շատ-շատերը չգիտեին, մինչդեռ այդ մարդիկ կարող էին ինքնուրույն կարծիք ունենալ: Կոնֆերանսն այդպես չի արվում, սեկցիաները պետք է ժողով անեն, մոտ 10%-ը սեկցիայի անդամների ընտրովի պատվիրակներ լինեն: Բացի այդ, երբեք կոնֆերանսը չի փոխարինում համագումարին: Կոնֆերանսները արվում են համագումարից առաջ, համագումարի աշխատանքային խնդիրների, ծրագրերի քննարկման համար կամ արտահերթ որեւէ հարց քննարկելու համար, որը չպետք է լինի տարածքի օտարման հարց: Տարածքի օտարման հարցը պետք է լինի միայն համագումարով: Կոնֆերանսը պետք է պատվիրակներ ունենա, միությունը Կարեն Աղամյանի մասնավոր հիմնարկը չէ, որ ում ուզենա կանչի»:

Հավելենք, որ ավելի ուշ զանգահարեց Կարեն Աղամյանը եւ իր ասվածին հավելում արեց: «Կոնֆերանսին մասնակցում են ընտրյալներ, որոնք ընտրված են համագումարի կողմից, մասնակցում են սեկցիայի բյուրոները, վարչության անդամները, ռեվիզիոն հանձնաժողովի անդամները»,-ասաց նա:

Միության նախագահից հետաքրքրվեցինք նաեւ կոնֆերանսի օրակարգից: «Օրակարգում երկու կարեւոր հարց կա` մեր կանոնադրությունն արդեն հնացած է համարվում, քանի որ Ազգային ժողովն ընդունել է նոր կարգ եւ մենք պետք է այս կոնֆերանսով հաստատենք, որ համաձայն ենք, նաեւ պետք է կնիք հանենք, որը պարտավոր ենք անել մինչեւ փետրվարի մեկը: Երկրորդն էլ Ծաղկաձորի հանգստյան տան հետ կապված հարցերը պետք է քննարկենք»,-ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031