Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում շարունակվում էր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ: Ինչպես նաեւ, փորձել է միանալ 2016 թվականին հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Խոսքը 2006 թվականին, ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի մասին է:
Դատարանն այսօր լսեց գործով վկա Հենրիկ Գաբրիելյանի վկայությունները: Դեպքի օրը`2016 թվականի հուլիսի 29-ին, նա ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում: Իրեն տեղեկացրել են, որ քաղաքացիները ցույցով շարժվում են Երեւանի Խորենացի փողոց, իսկ ցուցարարների մի մասը բարձրացել են Սարի թաղ: Վերջինս հարցաքննվել է նաեւ Հովհաննես Ղազարյանի գործով:
«Էդ օրը բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Հրամանատարների ցուցումով Սարի թաղ ենք բարձրացել, ժողովրդի մի մասը փախչում էր, քարեր էին նետում մեզ վրա: Քարեր նետում էր հիմնականում ցուցարար Հովհաննես Ղազարյանը, որի հետ առերեսվել եմ: Քարեր, շշեր, անվադողեր, ինչ ձեռքերի տակ ընկնում էր, նույնիսկ վիրավորներ են եղել, վնասվել են ոստիկանական մեքենաներ»-պատմեց վկան`հավելելով, որ այդ օրը ցուցարարներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին. «Մեզ ցուցում է տրվել, որ երթի մասնակիցները չեն ենթարկվում օրինական պահանջներին, պետք է բերման ենթարկել»:
Անդրիաս Ղուկասյանը վկային հարցրեց` եթե Հովհաննես Ղազարյանը քարեր է նետել ոստիկանների վրա` ինչո՞ւ նրան բերման չեն ենթարկել: Վկան ասաց`իրենց առաջինն ով պատահել է, նրան էլ բերման են ենթարկել:
Վկա ոստիկանը նաեւ հայտարարեց, որ այդ օրը Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղում չի տեսել: Վկա ոստիկանը, ի դեպ, չգիտեր Սարի թաղի փողոցների անունները: Ուստի նա այդպես էլ չկարողացավ հստակ պատասխաններ տալ իրեն ուղղված հարցերին, թե ցուցարարները ո՞ր փողոցում են գտնվել, ո՞ր փողոցում են սկսել ոստիկանների վրա քարեր նետել եւ այլն:
Մյուս վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Մինչ այդ, մեղադրողը միջնորդեց հաջորդ դատական նիստին իբրեւ վկա հրավիրեն նաեւ քաղաքացիական անձանց: Դատարանը հավանություն տվեց: Այսպիսով, հաջորդ նիստին կհարցաքննվի նաեւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանը:
Նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի, 11.00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ