Սյուզաննա Բարսեղյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս ծագման երկրի կամ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի: Տարբեր սփյուռքներ այդ ռեսուրսն օգտագործում են տարբեր կերպ՝ հայրենիքի շահերի լոբբինգ ընդունող երկրում, բարեգործություն, կամավորություն, դրամական փոխանցումներ և այլն: Սակայն սփյուռքի քիչ ներկայացուցիչներ են օգտագործում իրենց հիմնական կապիտալը՝ կատարելով ուղղակի ներդրումներ և ստեղծելով նոր ձեռնարկություններ: Մյուս կողմից, սփյուռք ունեցող տարբեր երկրներ տարբեր կերպ են նպաստում և խրախուսում սփյուռքի ներգրավմանն իրենց տնտեսության մեջ, ուղիներ են փնտրում խթանելու սփյուռքի ուղղակի ներդրումները:
Շատ հետազոտողներ գտնում են, որ սփյուռքի ներդրումները հայրենիքում գործարարության զարգացման ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ոչ սփյուռքյան օտարերկրյա ուղղակի ներդրումները, քանի որ սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունը հաճախ ոչ միայն պայմանավորված են առավելագույն շահույթ ստանալու ձգտմամբ, այլ նաև սոցիալական ճանաչմամբ (ներդրումը հայրենիքում կարող է պատվաբեր և ողջունելի համարվել սփյուռքի համայնքում և հայրենիքում) և հուզական մոտիվներով (հայրենիքին օգնելու էմոցիոնալ բավարարվածություն կամ ծագման երկրի տնտեսությանն աջակցելու պարտավորվածություն)[1]:
Սփյուռքի ներդրումների ազդեցության օրինակներ են Չինաստանի և Հնդկաստանի աճող տնտեսությունները: Ինչպես նշվում է «Foreign Policy» ամսագրում՝ «Սփյուռքի օգնությամբ Չինաստանը հաղթեց համաշխարհային գործարան դառնալու մրցարշավը: Սփյուռքի օգնությամբ Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհի տեխնոլոգիական լաբորատորիա»[2]: Սակայն սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունն առավել կարևորվում են այն երկրների համար, որոնք գրավիչ չեն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ փոքր շուկայի, չզարգացած ենթակառուցվածքների, կոնֆլիկտների, պատերազմի, քաղաքական ու ինստիտուցիոնալ կառուցվածքի և այլ ցուցանիշների պատճառով:
Այս տեսանկունից Հայաստանը նույնպես (ունենալով մեծ սփյուռք և արտագաղթի բարձր ցուցանիշ) սփյուռքի կապիտալի ներգրավման մեծ պահանջ ունի: Մի կողմից՝ Հայաստանի տնտեսական վիճակը և օտարերկրյա ներդրումների պահանջը, մյուս կողմից՝ փոքր շուկայի, տնտեսական շրջափակման, վստահության, ռիսկային և այլ գործոնների հետևանքով ներդրումային ցածր գրավչությունը ստիպում են մտածել այլընտրանքային ռեսուրսի՝ սփյուռքի ներուժի մասին: Ենթադրվում է, որ սփյուռքահայ գործարարները կունենան ներդրումների մոտիվացիայի տարբերություն. ի հավելումն տնտեսական շահի շարժառիթի՝ նրանք կառաջնորդվեն նաև, այսպես կոչված, էթնոսոցիալական մոտիվներով:
Ներգրավման քաղաքականության մեջ, ի թիվս տրանսպորտային և այլ ուղիների, կարևոր է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու մեդիայի դերը, որի միջոցով սփյուռքն ավելի լայն հնարավորություններ ունի հոգեբանական և ֆիզիկական կապ հաստատելու հայրենիքի հետ: ԶԼՄ-ների միջոցով սփյուռքում կարող են տեղեկանալ Հայաստանի ներդրումային միջավայրի և պայմանների, վարվող քաղաքականության, գործարարության հայաստանյան խոչընդոտների մասին, կարող է ձևավորվել պատկերացում սփյուռքահայերի դերի և առաջանալ կարծրատիպեր սփյուռքահայ գործարարների կերպարի վերաբերյալ:
Հայաստանյան մեդիայում ներգրավման քաղաքականության նման դրսևորումների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների կերպարի, նրանց գործունեության շարժառիթների ուսումնասիրության նպատակով «Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի[3] շրջանակներում իրականացվել է Հայաստանում սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին հանրային դիսկուրսի ինստիտուցիոնալ ձևերից մեկի՝ առցանց մեդիայի վերլուծություն:
Հետազոտությունն իրականացվել է որակական բովանդակության վերլուծություն մեթոդի ավանդական մոտեցմամբ[4], ըստ որի՝ ուսումնասիրությունը սկսվել է դիտարկմամբ, կոդավորումն իրականացվել է տվյալների վերլուծության ընթացքում, իսկ կոդերը ստացվել են տվյալներից: Վերլուծության միավոր է ընտրվել թեման: Ուսումնասիրվել է չորս առցանց ԶԼՄ`1in.am, news.am, tert.am, aravot.am[5]: Ընտրված առցանց ԶԼՄ-ներն ունեն հասարակական-քաղաքական ուղղվածություն, բարձր վարկանիշ և մեծ լսարաններ[6], կապված են սոցիալական ցանցերի հետ, չեն հայտարարում իրենց քաղաքական համակրանքների և նախասիրությունների մասին։ ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկվել են մեկ տարվա՝ 2016թ. կտրվածքով: Դրանցից առանձնացվել են բոլոր այն նյութերը, որոնք առնչվել են սփյուռքի ներդրումներին և սփյուռքահայ ձեռներեցների գործունեությանը Հայաստանում ու Արցախում[7]:
Հարկ է նշել, որ չնայած թեմայի կարևորությանը և սփյուռքի ներդրումների անհրաժեշտության հռչակմանը՝ ուսումնասիրված ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը 2016թ. ընթացքում հրապարակել է մինչև մեկ-երկու տասնյակ նյութ (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Ուսումնասիրվող թեմայով հրապարակումների քանակը 2016թ. ընթացքում.
Առանձնացված հրապարակումների մեջ վերլուծության միավոր թեմաները տիպայնացվել են, ապա՝ առանձնացվել ըստ ուղղվածության (տե՛ս աղյուսակ 2):
Աղյուսակ 2. Սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին ԶԼՄ հրապարակումների խճանկարը
Անդրադառնանք մեդիայում հանդիպող վերոնշյալ դիպաշարերին առանձին:
Հայաստանում սփյուռքի ներդրումների կարևորությունն առավել ակնառու շեշտադրող տեղեկատվությունը սփյուռքահայ ձեռնարկատերերի գործունեության առանձին դեպքերի մասին պատմություններն են, որոնք կարող են ձևավորել գործարարության վերաբերյալ կարծրատիպեր ու գործարարի կերպարի մասին պատկերացումներ: Սակայն գործունեության պատմությունները ոչ միայն ամենաքիչն են ներկայացվում, այլև բևեռային են՝ հաջողված կամ ձախողված (վերջիններս գերակշռում են): Ձախողված պատմությունները հիմնականում ընդհանրացվում են. մեկ դեպքը տարածվում է ողջ իրականության վրա:
«Ես արդեն չորս տարի է, որ վերադարձել եմ Հայաստանից, բայց տեսնում եմ, որ տեղի հայությունը չի հավատում Հայաստան պետությանը, չեն պատրաստվում Հայաստան տեղափոխվել, քանի որ որևէ վստահություն չկա /…/: Եվ որքան էլ պարոն Սերժ Սարգսյանն ասի, որ Սփյուռքի իրավունքը պաշտպանված է, թող նա փաստի օրինակներով, թե այդ որ դեպքում են սփյուռքահայերի իրավունքները պաշտպանվել, /…/, որ սփյուռքը նորից վստահություն ունենա նրանց նկատմամբ: /…/ որևէ սփյուռքահայ ներդրող հաջողել է հայաստանյան շուկայում. ո՞ւր են այդ փաստերը: Ճիշտ հակառակը՝ բազմաթիվ օրինակներ ունենք, երբ սփյուռքահայ ներդրողների, այդ թվում՝ իմ իրավունքները ոտնահարվել են, ինչի արդյունքում էլ վերադարձել եմ Ֆրանսիա, և մինչև այսօր դատական գործընթացները շարունակվում են /…/ Ստացվում է՝ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում սփյուռքահայերի խնդիրները:»[8]
«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյան
Հաջողված պատմությունները հիմնականում վերաբերում են խոշոր գործարարներին, ովքեր փոխհարաբերություններ ունեն իշխանությունների հետ: Այսպես օրինակ, Սամվել և Կարեն Կարապետյանների՝ Հայաստանում տնտեսական գործունեության մասին հրապարակումները ներկայացվում են որպես առանց խոչընդոտների և միանշանակ հաջողված պատմություններ, որոնք, սակայն, ուղղակի կամ անուղղակի կապվում են իշխանությունների հետ նրանց փոխհարաբերություններով:
«Կարապետյան եղբայրների տնտեսական ազդեցությունը կարող է քաղաքական մարմնավորում ստանալ /…/ Կարապետյանները դարձել են այդ էլիտայի բաղկացուցիչ մասը, և չնայած իրենց կարողության առյուծի բաժինը գտնվում է Ռուսաստանում, սակայն նրանք ավելի ու ավելի են դառնում հայաստանյան գործիչներ՝ ավելի խորը ներգրավվելով Հայաստանի տնտեսական կյանքում:»[9]
««Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ:»[10]
Մեդիայում ներկայացված միակ հաջողված պատմությունը, որը պայմանավորված է սփյուռքի գործարարության իրական մոտիվներով, չի կապվում իշխանական հարաբերությունների հետ և ոչ միայն պատրաստ է հաղթահարել առկա խոչընդոտները, այլև գործարարության նոր մշակույթ, ենթակառուցվածք և գաղափարներ ստեղծել, ինչպես նաև Հայաստանի բիզնեսը կապել սփյուռքի հետ (ի տարբերություն մշտապես ակնկալվող սփյուռքից Հայաստան ուղու), Ռուբեն Վարդանյանի ձեռնարկատիրական գործունեությունն է:
«… Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ, որը պետք է էականորեն նպաստի այս գործի առաջխաղացմանը: Որպես աշխարհով մեկ սփռված ժողովուրդ, որը տարբեր երկրներում մասնակցել է ամենատարբեր ոլորտների զարգացմանը, մեզ տրված է բացառիկ առիթ մեր ներուժն օգտագործելու ի բարօրություն մեր երկրի։» [11]
«Մենք պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որպեսզի FAST-ը հետաքրքիր դառնա /…/ առաջին հերթին մեր Սփյուռքի ներկայացուցիչների համար։ Մենք պետք է կրկին մեզ դրսևորենք որպես նորարարների ու գործարարների ազգ /…/։ FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, /…/, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։» [12]
IDeA հիմնադրամի համահիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյան
Հրապարակումների մեջ չկան առկա խնդիրները հաղթահարած կամ հաղթահարելու պատրաստ իրական դեպքերի պատմություններ: Իսկ գործունեության մոտիվացիայի մեջ շեշտադրվում են հուզական մոտիվները (հիմնականում՝ հայրենասիրություն): Հայրենասիրական մոտիվները, սակայն, չզուգակցվելով սոցիալական և ֆինանսական մոտիվների հետ, կարող են արժեզրկվել և կեղծ հնչեղություն ստանալ:
«… Արյան կանչ էր, թե սառը հաշվարկ, չեմ կարող ասել, երևի առաջինը: Ես շատ չեմ սիրում խոսել: Առհասարակ, սփյուռքում մարդիկ շատ են սիրում խոսել իրենց հայրենասիրության մասին՝ շատ խոսքեր, քիչ գործ: Սիրում ենք սահմանափակվել այստեղ գումար ուղարկելով, սակայն իրական աշխատանքն այստեղ է, պետք է գալ և այստեղ կառուցել այն, ինչ հեռվից հնարավոր չէ անել:»[13]
Iterate hackerspace-ի հիմնադիր Էդգար Հարությունյան
«… Իմ փողերը հայրենասիրության համար թափեմ և ձգեմ երթա՞մ:»[14]
Գործարար Ավո Կարագուլյան
Ընդհանուր առմամբ, սփյուռքի ներդրումների մասին հրապարակումներն ավելի շատ մտադրություն կամ հայտարարություն են, քան իրական գործունեություն:
«Սփյուռքահայ գինեգործ Վահե Քեշգերյանը մտադիր է փրփրուն գինիների գործարան բացել Վայոց ձոր մարզի Խաչիկ սահմանամերձ գյուղում։»[15]
«Սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար:»[16]
«Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:»[17]
Մի կողմից, այդ հայտարարությունները կարող են ձևավորել դրական սպասումներ, մյուս կողմից, դրանք կյանքի չկոչելը կարող է առաջացնել հիասթափություն և անվստահություն:
Սփյուռքի ուղղակի ներդրումների կարևորության մասին նյութերը նույնպես առավելապես ներկայացնում են հայրենիքում ներդրումներ կատարելու կոչեր կամ խնդրանք սփյուռքին:
Թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից հնչեցվող գնահատականներն ունեն դրական և բացասական երանգներ: Սփյուռքից ակնկալում են ներդրումների առավել արդյունավետ օգտագործում, ներդրումային միջավայր և խոչընդոտների վերացում, ինչպես նաև անարդարացի են համարում սփյուռքին միայն որպես ֆինանսական կապիտալ դիտարկելու պրակտիկան:
«Սփյուռքը բանկոմատ է Հայաստանի համար, սփյուռքահայերը ձայն չունեն Հայաստանում:»[18]
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյան
«… պետք է Հայաստանի Ազգային ժողովում մի քանի աթոռ հատկացնել սփյուռքահայերին, որոնք պետք է լինեն ավելին, քան պարզապես նվիրատուներ կամ «կթան կով»… /…/ Աստիճանաբար, երբ օրենքի գերակայությունն ամուր հիմքերի վրա դրվի Հայաստանում և սոցիալական անհավասարությունը նվազի, սփյուռքահայերը վստահություն ձեռք կբերեն ներդրումներ անելու իրենց հայրենիքում, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կրճատման:»[19]
«The California Courier» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյան
Հայաստանում նույնպես մտայնություն կա սփյուռքի ռեսուրսի շահագործման և սփյուռքի հետ հարաբերությունների նախկին մոտեցումների անարդարացիության, ինչպես նաև սփյուռքի ներդրումների անարդյունավետության շուրջ: Դրա մասին անգամ պաշտոնապես բարձրաձայնել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ սփյուռքի հետ Հայաստանի քաղաքականության իր պատկերացումների համատեքստում:
«Պարբերաբար դիմել Սփյուռքին որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող:»[20]
«Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել:»[21]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
«Հայաստանը պետք է հրաժարվի ընչաքաղց մոտեցումներից, կարողանա նպաստել, որ Սփյուռքն այստեղ ներդրումներ անի և ծրագրեր իրականացնի:» [22]
Տնտեսագետ Վարդան Բոստանջյան
Սակայն սփյուռքին ներգրավելու գործում մոտեցումները մնում են նույնը՝ հայաստանակենտրոն և Հայաստանում ներդրումների «պարտադրմամբ»:
«Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ, ապրել առանց Սփյուռքի` այո: Սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում են, տասնապատկվում են: Իսկ Սփյուռքն առանց Հայաստանի կարո՞ղ է` իհարկե ոչ:»[23]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
Իսկ ներգրավման քաղաքականությունը հիմնականում իրականացվում է ներդրումների և բիզնեսի երաշխիքների մասին անձնական հայտարարություններով:
«… մենք պատրաստ ենք քննարկել ձեր կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարները, ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել պատշաճ հնարավորություններ ու պայմաններ, որպեսզի դուք հայրենիքում կարողանաք շահութաբեր գործունեություն ծավալել:»[24]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
«Ուզում ենք, որ սփյուռքն առավել ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսական կյանքում:»[25]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
«Վարչապետը եկավ Ռուսաստանից, /…/ ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի»:[26]
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
«Սփյուռքի նախարարության կարևորագույն խնդիրը, ըստ Կառավարության ծրագրի, կապակցված է ներդրումներ ներգրավելու հետ։»[27]
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյան
Հարկ է նշել, որ սփյուռքի հանդեպ վարվող քաղաքականության, հարաբերությունների և որոշումների կայացման համար կարիք կա իրատեսական գնահատական տալ սփյուռքի կապիտալին, մասնավորապես՝ գործարար ներուժին: Ինչպես նշում է Արա Սանճեանը. «Եվ քանի որ /…/ սփիւռքին մեծ դեր կը վերապահուի, անոր կարողականութեան գերագնահատումը եւ անստոյգ տուեալներու հիման վրայ քաղաքական որոշումներ որդեգրելը կրնայ նոյնիսկ երկիրը աղէտներու առաջնորդել» [28]:
«… սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ…»:[29]
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
«Առաջին խնդիրը կապակցված է ներդրումների ներգրավման հետ։ Այստեղ մեծ է մեր սփյուռքի դերը։ Այն մեծ ներուժ ունի։»[30]
Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյան
«Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ։»[31]
Գործարար Ռուբեն Վարդանյան
«Անհրաժեշտ է միավորել Հայաստանի և Սփյուռքի պոտենցիալը, նրա մտավոր, տնտեսական և ֆինանսական պոտենցիալը:»[32]
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան
Պետության կողմից սփյուռքի գործարար ներուժի օգտագործման մեխանիզմների առարկայական օրինակ է Հայաստան ներգաղթած սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությունը: Որպես արտակարգ պայմաններում առաջացած առանձնահատուկ դեպք՝ սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող մոտեցումները կարելի է համարել իրավիճակային և թիրախային: Սակայն այդ հատուկ դեպքի միջոցով նույնպես կարելի է ցույց տալ հայտարարությունների և իրականության համապատասխանությունը:
Սիրիահայերի բիզնես նախաձեռնություններին պետության միջամտությունը ԶԼՄ-ներում հիմնականում ներկայացվում է որպես խթան: Այսպես, սիրիահայերի տնտեսական գործունեությանը և բիզնես նախաձեռնություններին օժանդակող միջոցառումներից ներկայացվել են հետևյալ գործողությունները՝ արտադրանքների ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպում, առևտրի կետերի տրամադրում, վարկային արտոնություններ, վերապատրաստումներ և այլն: Սակայն ինստիտուցիոնալ մակարդակով կառավարությունը խուսափում է հատուկ արտոնություններ շնորհել սփյուռքահայ գործարարներին: Հետևապես, խոչընդոտները համընդհանուր են և ոչ ուղղած սփյուռքահայ գործարարներին:
«Մենք չենք կարող հատուկ սիրիահայերի համար հարկային օրենքներ ստեղծել, քանի որ վաղը բոլորն իրենց բիզնեսը կձևակերպեն սիրիահայերի անունով, ու ոչ ոք հարկեր չի վճարի կամ էլ կվճարի ոչ ամբողջական։»։[33]
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սիրիահայ գործարարներն իրենց հերթին նշում են, որ դժվարությամբ են հարմարվում հայաստանյան բիզնես միջավայրին: ԶԼՄ-ները ներկայացնում են թե՛ հարմարվողների, թե՛ բիզնեսի չկայանալու պատճառով հեռանալու որոշում կայացնողներին:
Սփյուռքի ներդրումների և սփյուռքահայերի գործարարության համատեքստում փոքրաթիվ հրապարակումներ կան նաև ձեռներեցության ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական քաղաքականության ու նախաձեռնությունների վերաբերյալ: Դրանք ներկայացվում են որպես բիզնես գործունեությանը նպաստող կամ սահմանափակող գործոններ: Այսպես, քննարկվում են հարկային արտոնությունները, հարկային օրենսգիրքը, բարձր հարկերից դժգոհությունները, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով հարկային և մաքսային արտոնություններ տրամադրող ազատ տնտեսական գոտիների ստեղծումը և այլն:
Հայաստանում ներդրումային միջավայրի և բիզնեսի պայմանների ու երաշխիքների մասին ԶԼՄ-ներում շրջանառվող դրական և բացասական գնահատականները նույնպես կարող են ձևավորել վստահություն կամ անվստահություն: Ուսումնասիրված նյութերը ցույց են տալիս սփյուռքի անվստահությունը՝ չնայած պաշտոնական տարբեր հավաստիացումներին:
ԶԼՄ հրապարակումների միջոցով, մի կողմից, մատնանշվում է սփյուռքի տնտեսական մեծ ներուժը և ցույց է տրվում Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ ներգրավելու այն երկրի տնտեսության մեջ, մյուս կողմից ներդրումային միջավայրի և բիզնեսի պայմանների մասին հավաստիացումները վստահություն չեն ներշնչում սփյուռքի ներդրողների համար: Հայրենիքի զարգացմանը նպաստող ներդրումների ներգրավումն առավելապես ներկայացվում է զգայական մոտիվների հիմնավորմամբ (ֆինանսական և սոցիալական մոտիվները կա՛մ չեն դիտարկվում, կա՛մ դիտարկվում են որպես երկրորդական):
Սփյուռքի ներգրավման քաղաքականությունը ներկայացվում է միակողմանի՝ դեպի Հայաստան և մեկ գործոնով՝ ֆինանսական կապիտալով, ինչը սփյուռքահայերի մոտ կարող է առաջացնել անվստահություն: Սփյուռքահայերն իրենց հերթին առաջ են քաշում վստահության և երաշխիքների խնդիրներ (ընդհանրապես սփյուռքահայերի տեսակետներն անհամեմատ քիչ են ներկայացվում):
Այսպիսով, սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին ուսումնասիրված առցանց ԶԼՄ-ների նյութերը ցույց են տալիս. ա) խիստ անհամաչափություն՝ խնդրի կարևորության և դրա լուսաբանման ծավալների միջև, բ) մեդիան չի օգտագործվում որպես սփյուռքյան ներդրումների ներգրավման կարևոր գործիք, գ) հրապարակումները բովանդակային առումով չեն նպաստում սփյուռքահայերի գործարար նպատակադրումներին, դ) սփյուռքահայ գործարարի կերպարը ներկայացվում է առավելապես հուզական, այսպես կոչված, հայրենասիրական շարժառիթներով, իսկ ձեռներեցության պատմությունները բևեռային են՝ հաջողված-ձախողված (չկան խնդիրների հաղթահարման իրական պատմություններ), ինչն առաջացնում է կարծրատիպեր և ոչ իրական պատկերացում է ձևավորում, ե) չի ներկայացվում սփյուռքի ներդրումների վերաբերյալ իրատեսական գնահատական, ինչը կարող է այն ըստ արժանվույն չգնահատելու ու չկարևորելու տպավորություն ստեղծել սփյուռքում, զ) սփյուռքի կապիտալի հանդեպ վերաբերմունքը ձևավորում է անվստահություն:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Nielsen, Tjai M. and Riddle, Liesl, Why Diasporas Invest in the Homeland: A Conceptual Model of Motivation (July 1, 2007). Available at SSRN: https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=987725 or https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=987725
[2] Yasheng Huang and Tarun Khanna, “Can India Overtake China?” Foreign Policy July-August, 2003, pp.74-78
[3] Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից 2016-2017թթ., ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Ծրագրի հեղինակը և ղեկավարը Ռ. Կարապետյանն է:
[4] Hsiu-Fang Hsieh and Sarah E. Shannon, Three Approaches to Qualitative Content Analysis, Qualitative Health Research, 2005.
[5] Ընտրված առցանց ԶԼՄ-ներն ունեն հասարակական-քաղաքական ուղղվածություն, բարձր վարկանիշ և մեծ լսարաններ, կապված են սոցիալական ցանցերի հետ, չեն հայտարարում իրենց քաղաքական համակրանքների և նախասիրությունների մասին։
[6] Վարկանիշի համար հիմք են ընդունվել similarweb.com-ի՝ հայկական լրատվական կայքերի վարկանիշերի վերաբերյալ հրապարակված տվյալները:
[7] Այսուհետ Հայաստանի մասին խոսելիս նկատի է առնվում նաև Արցախը:
[8] Իմ օրինակով եմ ասում Սերժ Սարգսյանին՝ սփյուռքահայերը պաշտպանված չեն. Վալերի-Աշխեն Գործունյան, www.1in.am, 13.02.2016
[9] Կարապետյան եղբայրների տնտեսական ազդեցությունը կարող է քաղաքական մարմնավորում ստանալ, www.1in.am, 18.01.2016
[10] Միլիոնավոր դոլարների ներդրում՝ Տաշիրում, www.1in.am, 17.10.2016
[11] Ռուբեն Վարդանյան. Պետք է լինել հավակնոտ՝ համեմատվելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, www.1in.am, 22.09.2016
[12] Ռուբեն Վարդանյան. FAST-ը պետք է տեխնոլոգիական ճեղքման հիմք դառնա, www.news.am, 11.07.2016
[13] Iterate-ի հիմնադիր. Ուզում եմ՝ Հայաստանում էլ ունենանք Սիլիկոնյան հովտի կուլտուրան, www.news.am, 10.11.2016
[14] «Իմ փողերը հայրենասիրության համար թափեմ և ձգեմ երթա՞մ». Արամի 30-ի կառուցապատող,
Առավոտ, 22.01.2016
[15] Սփյուռքահայն ուզում է փրփրուն գինիների գործարան բացել սահմանամերձ գյուղում, www.news.am, 10.12.2016
[16] Ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ Արցախում. ԼՂՀ վարչապետը՝ Շվեյցարիայում, www.news.am, 04.06.2016
[17] Հոլանդահայ գործարարները ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, www.1in.am, 11.03.2016
[18] Սփյուռքը բանկոմատ է Հայաստանի համար, մենք ձայն չունենք Հայաստանում. ամերիկահայ կինոռեժիսոր, www.news.am, 5.12.2016
[19] Արդյոք սփյուռքահայերը պե՞տք է խառնվեն Հայաստանի գործերին, Առավոտ, 4.10.2016
[20] Պարբերաբար Սփյուռքին դիմելն անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող. Կարեն Կարապետյան, www.1in.am, 3.12.2016
[21] Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ. Հայաստանը 20 տարի անց՝ ըստ վարչապետի, www.news.am, 3.12.2016
[22] Հայաստանը պետք է վերացնի ընչաքաղց մոտեցումները՝ ներդրումների առումով Սփյուռքին գրավելու համար, www.1in.am, 6.12.2016
[23] Պարբերաբար Սփյուռքին դիմելն անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող. Կարեն Կարապետյան, www.1in.am, 3.12.2016
[24] Դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները. Սերժ Սարգսյանի ելույթն ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի հետ հանդիպմանը, Թերթ,
31.03.2016
[25] Ուզում ենք, որ սփյուռքն առավել ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսական կյանքում. Վարչապետ, www.news.am, 29.10.2016
[26] Ներդրումներ բերեք Հայաստան. Հրանուշ Հակոբյանի հորդորը ՌԴ «հզոր տղաներին», Թերթ,
17.10.2016
[27] Սփյուռքի փոխնախարար. Կարևորագույն խնդիրը ներդրումներ գրավելն է, www.news.am, 2.11.2016
[28] Սանճեան Ա. Ինքնութիւն եւ Հայաստան-Սփիւռք յարաբերությիւն, Նոր Յառաջ, Փարիզ, Օգոստոս 2017:
[29] Արցախի վարչապետ. «Մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ», Առավոտ, 04.06.2016
[30] Սփյուռքի փոխնախարար. Կարևորագույն խնդիրը ներդրումներ գրավելն է, www.news.am, 2.11.2016
[31] Ռուբեն Վարդանյան. Պետք է լինել հավակնոտ՝ համեմատվելով ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, www.news.am, 22.09.2016
[32] Արա Աբրահամյան. Սփյուռքի հետ Հայաստանի հնարավորությունները որակապես աճում են, www.news.am, 8.07.2016
[33] Հրանուշ Հակոբյան. Հայաստանը չի կարող սիրիահայերի համար Հարկային օրենսգիրք փոխել, www.news.am, 6.12.2016
պահանջում եմ հայերեն գրեք պարզապես տհաճ է կարդալը և լսելը ամեն նախադասության մեջ օտարալեզու բառերը ” սա հօ կարող ենք առանց դրսի ներդրողների անել” ցավով եմ նշում այս փաստը բայց պետք է ազատվենք մեր
սարսափելի չափերի հասնող օտարամոլություններից
և
ՀՀԿ ինչով է խրախուսելու հայ ներդրողներին խնդրում եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնեք տնտեսական բոլոր օղակներից որ ավելի շատ պահանջարկ ունի մեր տնտեսությունում: մնաք բարով