«Էդ ասողների լեզուն պիտի կտրես»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հողերը հանձնելու մասին հայտարարություններ անողների հասցեին այսպես արտահայտվեց «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանը:
Պարոն Ալեքսանյանը հայտարարեց՝ վստահ է, որ նման բան լինել չի կարող. «Ո՞վ կարող է նման բան ստորագրել, չեմ հավատում, որ մեկը կհայտնվի: Հայտարարելն ուրիշ է: Դա բլբլում են, ոչինչ, թող բլբլան, բայց ստորագրելը լրիվ ուրիշ է, դա փաստ է: Չկա նման մեկը, բոլորը մեզնից ծնված են: Անկախ նրանից սիրում ենք, չենք սիրում, հարգում ենք, թե ոչ, մենք վստահում ենք նրանց: Չի կարող այսօր ոչ մեկը՝ թե գլխավոր հրամանատարը, թե նախարարը: Մենք ազգովի գոնե այդ հարցերում վստահություն ունենք, որ ոչ մեկը նման բան չի անի»:
Հիշելով 80-ականները՝ Արթուր Ալեքսանյանը պատմեց, թե ինչպես էին գումար հայթայթում, որ զենք գնեն՝ մեկը մեքենան, մյուսը երաժշտական գործիքները, երրորդը ոսկեղենն էր վաճառում:
Հիշելով ապրիլյան պատերազմի օրերը՝ պարոն Ալեքսանյանը պատմեց. «Ես այնտեղ էի, մի մեծ ջոկատ ունեի: Պատրաստ էինք ցանկացած առաջադրանք կատարել՝ ընդհուպ մինչև Կիրովաբադ և այլ տարածքներ ազատագրելու»:
Պարոն Ալեքսանյանի բնորոշմամբ դա էլ հենց մեր բանակի առանձնահատկությունն է: Այս առիթով Արթուր Ալեքսանյանն ասաց. «Մենք ժողովրդական բանակ ենք: Հիմա ազգ-բանակ ենք ասում, դա իրականում կա, ուղղակի պետք է կառուցվածքը ստեղծել: Մենք այդ ձևով ապրում ենք: Չկա մի հայ, մի ընտանիք, որ բանակի հետ կապ չունենա, մենք ազգ-բանակ ենք մենք անհաղթելի ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ