Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանն էին ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ:
Խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ գործատուի կողմից աշխատողների հաստիքները կրճատելու, ինչպես նաեւ հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում նախապատվություն տալ զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների, ազատամարտիկների ընտանիքի անդամներին՝ կնոջը, երեխաներին, եթե տան միակ աշխատողը քույրն ու եղբայրն են, նաեւ նրանց:
Պատգամավորը գտնում է, որ սա բխում է Ազգ-բանակ հայեցակարգից, ինչպես նաեւ սոցիալական ինքնիշխան պետության շահերից:
Կառավարությունը դեմ է նախագծին՝ այն պատճառաբանությամբ, որ Աշխատանքային օրենսգրքում իրենք նոր փոփոխություններ են բերելու փաթեթով եւ այդ հարցերին էլ համալիր լուծում են տալու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ իրենց լուծումն ավելի լայն է, իրենք առաջարկելու են ոչ միայն զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքների անդամներին նախապատվությունը տալ՝ հաստիքներ կրճատելիս, այլեւ հենց հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին:
Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները տարիքով մեծ մարդիկ են արդեն, այդ փոփոխությունը քիչ մարդկանց է վերաբերում, ավելի լավ է իրենց նախագիծն ընդունեն, հետո կառավարությունը թող բերի իր փաթեթը: Փոխնախարարն էլ հակադարձեց, որ խոսքը միայն արցախյան ազատամարտի մասնակիցների մասին չէ, ապրիլյան պատերազմի մասնակիցներին չմոռանանք:
Ի վերջո` հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ սկզբունքի հետ համաձայն են բոլոր կողմերը: Նա առաջարկեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները աշխատեն կառավարության հետ եւ միասնական նախագիծ բերեն:
Միքայել Մելքումյանը համաձայնեց. «1-2 ամսվա տարբերությունը ողբերգություն չէ»: Նա ասաց, որ համաձայնում են հետաձգել օրենքի նախագծի քննարկումը՝ պայմանով, որ մեկ ամիս անց նորից անդրադառնան, եթե տեսնեն, որ կառավարությունը ձգձգում է, հանձնաժողովի նիստում ընթացք տան «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե անպտուղ ու աննպատակ բանավեճերի մեջ չներքաշեն իրենց, փորձեն իսկապես հարցը լուծել, համաձայն են:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց. «Արցախյան ազատամարտի զոհվածների ընտանիքի անդամներին արտոնություն տալ Աշխատանքային օրենսգրքում ոչ մեկը դեմ չի»: Նա ասաց, որ որոշ ձեւակերպումներ կան, որ ճշտելու կարիք ունեն: Նախագծի քննարկումը հետաձգվեց:
Հանձնաժողովում պետք է քննարկվեր նաեւ «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանի նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողները իրավունք ունեն աշխատանքն ավարտել այն ժամին, երբ փակվում են մանկապարտեզները՝ ժամը 17-ին: Սակայն Լենա Նազարյանը չէր եկել, հետեւաբար այս նախագծի քննարկումը եւս հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ