ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ պարոն Մ.Մինասյանին,
Միության վարչության հարգարժան անդամներին
«Փնտրենք ոչ թե պատճառ, այլ փնտրենք միջոց»:
Հարգելի գործընկերներ,
մեծահարգ ճարտարապետներ,
կյանքով է ասված՝ «Ազգերը չեն մահանում, այլ՝ ինքնասպան են լինում»: Եվ այսօր մասնագիտական համերաշխության դեմ օտարածին Օրենքի հրովարտակով և ձեր նախնական համաձայնությամբ, օրակարգում է ձեր իսկ գոյության և ինքնասպանության երկիմաստ հարցը`«Լինե՞լ, թե՞ չլինել»:
Այս պարզ երկընտրանքի մեջ գերակայողն, անկասկած, գոյի խնդիրն է, կենսականության՝ կյանքի և լույսի հարատևության:
Եթե ձեզ համար ընտրել եք արդեն անգոյությունը, ուրեմն հիմա, ձեր խիղճը պահած մի մութ անկյունում, դուք զբաղված եք թղթեր սարքելով, որ անգոյությունը տարածեք ամբողջ Տեր-համքարության մեջ, Տունը վերածեք զուտ անշարժ գույքի և գործառականը «կարգ ու կանոնով» հեշտությամբ փոխեք:
«Ինչպե՞ս դա կանեք» հարցին պատասխան՝ բնականաբար, խումբ-միասնություն փորձված միջոցով պիտ գործի դնեք գործընկերներիդ հնազանդության ձեր ձևաչափով ջոկ-ջոկ անելու, տարանջատելու, միտքը շեղելու, տանձը քանց խնձոր ներկայացնելու հայտնի ձևերը և հնարքները:
Եթե կարող եք և չեք ամաչի:
Սակայն սպասեք, որևէ արարք թույլ տալու համար, նախ դրա համար իրավունք է պետք, ձեզ ո՞վ է տվել նման նախաձեռնության նման իրավունք: Ձեզ հարց տվե՞լ եք, թե ի՞նչ հունարով, ի՞նչ իրավունքով գույք տիրապետողի ինքնիրավությամբ ինքներդ եք ձեզ տնատեր կարգել և ձեր ուզածով փորձում եք Տունը «վերակառուցել»՝ հարմարեցնել ձեր այլ կարիքին:
Ահա ձեզ մոլոր և ինքնավստահ ինքնակոչություն:
Գիտակցո՞ւմ եք, արդյոք, որ այս միջոցով դուք Տուն եք քանդում, քանդում եք ներսից (ինչպես քանդում են «լքված ու անտեր», ոտքի տակ ընկած, ավելորդ դարձած Հուշարձան շենքը), լավ հասկանալով, որ Տունը երբեք պալատ չի դառնա, քանզի տարբեր են նրանց հիմքերի քարն ու շաղախը և վերնաշենքի պատն ու գմբեթը:
Տունը օջախ է, օջախի ծուխ է՝ մեկ տանիքի տակ հարազատությամբ հավաք ընտանիք:
Եթե տանտեր եք (գրողը տանի, ես համաձայն եմ) և ոչ տնավեր, ձեր Տունը պահեք, դրանով հանդերձ՝ Մեր Տունը պահեք (Մերը Մենք ենք՝ շարքային անդամներս), որ գործընկերներով ոչ թե օտարված փակ դռներ ծեծենք, հարկի-անհարկի «պարոն-պարոնայք» բառեր շաղելով, այլ տան անդամի հարազատությամբ բաց դռան շեմից ազատորեն ներս մտնենք՝ այն տաք հավատով, որ սպասում են . . .
Որ Տուն ենք մտել և մեզ չեն կանչել «այբ», «բեն», «գիմ» դասի կամ բարոյական խրատներ տալու:
Որ Տուն ենք մտել ժառանգ կոչվածի մեծահարգությամբ և ակնածանքով մեր այն Մեծերի և Տան Տերերի հիշատակության, որ հիմք են գցել, Տուն են կառուցել և հոգևորել:
Մեզ են ժառանգել հավասարության հարգը պահելով՝ առանց պաշտոնի և վերադասության կտակ կազմելու:
Եվ ի՞նչ եք անում Մեր վստահության դիրքերը թողած դասալիքի պես, համընդհանուրիս մեծ ժառանգության՝ Հայ ճարտարապետների միության տունը, որ ապրած կյանքի, կենսագրության, մասնագիտական միաբանության անգնահատելի և խիստ պահանջված արժեք է կրում:
Այս ի՞նչ երկակի, երկերեսանի խաղ եք սկսել՝ Տնից հրաժարվում եք, որ տանտե՞ր դառնաք՝ տիրազուրկ գույքը տիրապետելու նախաձեռնությամբ, դրան համարժեք երկիմաստությամբ՝ բոլորիս հանեք, Դուք ներսում մնաք, ծիրանին փռեք և . . . կառավարեք՝ մեծահոգաբար դռներ բացելով հպատակ դարձած հյուրերի առաջ:
Իսկ հյուրերն արդեն, իհարկե՝ Մենք ենք:
Լավ է մտածված, ինչը խելքի հետ անհամատեղելի է, վարքաբանությամբ (եթե մեղմ ասենք և շաա՜տ մեղմ ասենք)՝ խիստ գռեհիկ է և անընդունելի:
Դե՛, թղթեր սարքեք, որ կարողանաք ձեր փոքրամասով դառնալ մեծամաս:
Ահա մի վիճակ, որին տրվել եք ձեր իսկ թուլությամբ, ձեռդ գերազանցություն հպատակությամբ (հարց է՝ ում առաջ և հանուն ինչի) և «պալատական» պաշտոն կոչվածի գայթակղությամբ:
Եվ որպես վկան այս իրողության, հայտարարում եմ, որ մինչև այսօր, բոլորիս հանդեպ անտարբերության և քար լռության ձեր մեծ պաշարով, ոչինչ չանելով, դուք միշտ արել եք ճիշտ անելիքի ճիշտ հակառակը:
Նպատակից զուրկ, անգործությունից դուք ծուլացել եք, հոգսից բեռնաթափ քիչ-քիչ հարմարվել այդ ծուլությանը, այդ իսկ պատճառով ոչ թե ելք փնտրել արժանապատիվ ինքնահաստատման, այլ՝ պատճառ փնտրել պատճառաբանության:
Դուք ձեր չարածով և ինքնավստահ ձեր մոլորությամբ անտարբերության սերմեր եք ցանել և պառակտել եք մասնագիտական հզոր մի բանակ՝ միաբանություն, որ բառ արմատի բացատրությամբ նշանակում է՝ բանել միասին:
Եվ այժմ, ձեր իսկ ընտրության կամոք, կանգնած ենք երկու ճանապարհների՝ անտարբերության և անմիաբանության ճիշտ հատման կետում, ոչ խաչմերուկում, այլ՝ վերջնակետում:
Այդ՝ դուք, բայց ոչ՝ Մենք:
Այժմ միասին, մեկ հարթության մեջ (քանզի մակարդակները սաստիկ տարբեր են), միտք հասկանալու դիտավորությամբ, փորձենք հասկանալ ինչ է կատարվում՝ թե պատուհասի երկունքով ծնված գրողի տարած էկզոտիկ ուղտը ինչու է չոքել Մեր դռան շեմին:
Հասարակական կյանքի, բայց, ո՛չ, եկեք խուսափենք «հասարակ» բառի հոլովաձևի գործածությունից: Ուրեմն, այսպես՝ հանրային կյանքի դիալեկտիկայի կենսագրական էջերից մեկում, ակադեմիական հռետորությամբ ահա կարդում ենք՝
«Երբ հասարակական ինստիտուտները չեն կատարում հանրային շահերի բավարարման իրենց առաքելությունը, երբ գերակայող են դառնում կառավարման օլիգարխիկ մեթոդները և առանձին խմբերի և անհատների շահերի բավարարման միտումը, բնականորեն ֆունկցիան վեր է ածվում դիսֆունկցիայի, ինչը կարող է հանգեցնել հասարակական կառույցների կազմալուծմանը»:
Հիմա հասկացաք, որ շահախնդիր խումբ-անհատներով, ձեր կամքից անկախ, դուք հայտնվել եք խամաճիկների բեմահարթակում և, ընդամենը ի վերուստ հայտնի «պատճառ – հետևանք» պարզ սցենարով, երկգործողությամբ թատրոն եք խաղում:
Ըստ իրողության եկեք ընդունեք, որ մասսայական տեսարանից զուրկ «պատճառ» գործողությունը, տարիներ մաշող լուռ համբերությամբ, հաղթահարել եք՝ յուրաքանչյուրդ սեփական խաղով ինքնահաստատվել:
Իսկ ներկայումս վերին ատյանի հովանու ներքո և նրա կողմից բարեհոգությամբ տրված ժամկետում (իսկ դա օրենքով երեք ամիսն է), հարկադրված եք սեփական կամքով և կանխավ գրված պարզ «հետևանքով», ներկայացումը հաջող ավարտել:
Դա նշանակում է, որ դուք՝ «պատճառի» հեղինակներդ, լուրջ հավակնությամբ վաստակելու եք նաև՝ Հայաստանի ճարտարապետների միությունը կազմալուծելու, Միության Տունը ներսից քանդելու աննախադեպ «հետևանքի» հեղինակային իրավունքը՝ դրանից բխող այլ հետևանքներով:
Ինչպես ասում են՝ ձեր ձեռքով պիտի ձեր տունը քանդեք:
Եվ թույլ տվեք մարդավայել կասկածանքով ձեզ հարց ուղղել, դուք՝ հարգարժան գործընկերներ, ձեր վիճակի լրջությունը, ինչպես հարկն է գնահատե՞լ եք:
Իսկ եթե ո՛չ, ուրեմն, այսպես, օգնության կարգով՝
«Պալատի» մասին ընդունված օրենքի 23-րդ հոդվածում հայտնի հռետորությամբ այժմ կարդում ենք ԱԺ-ի երկրորդ ընթերցմամբ ծնված մի նորահայտ պարբերություն՝
«Սահմանված ժամկետում վերակազմավորման մասին որոշում չընդունվելու դեպքում Պալատը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով»:
Այսքանից հետո, այսքանով հանդերձ, «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», Դուք «միամտաբար» դեռ շարունակում եք բեմը չլքել և թատրո՞ն խաղալ, եթե օրենքը, աստղերին հատուկ զգուշավորությամբ, չի պարտադրում՝ այլև հուշում է:
Նույնիսկ ընտրության այս պարագայում, դուք շարունակում եք նույն համառությամբ Հայ ճարտարապետների Տուն-Միությունը կազմալուծելու քայլեր ձեռնարկել (որին միամտաբար դեռ հավատում եք):
Ինքներդ դատեք, ձեր իսկ փափագած Օրե՞նքն է վատը, որն ընդամենը առաջարկում է, թե՞ դուք, որ անվերապահորեն ընտրել եք ընտրության զուտ վատագույնը՝ անգոյությունը:
Եվ դա այն դեպքում, երբ պալատ կոչվածը և Միությունը կարող են լինել միաժամանակ:
Մենք Միությունը պաշտպանելու ենք և պահպանելու: Պահպանելու ենք Նրան իր առաքելությամբ և ողջ բովանդակությամբ՝ միաբանությամբ, մասնագիտական, քաղաքացիական և գաղափարական այսքան պահանջված միասնականությամբ, որոնք վերանձնյա լուրջ արժեքներ են և գրավականը Մեր Պետականության և առաջընթացի:
Քանի դեռ ուշ չէ, ետ դարձեք՝ հոգևոր և բարոյական գաղթի այդ ճանապարհից: Ուժ գտեք ձեր մեջ: Հոգևորվեք այն մտքով, որ ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
Խորին հարգանքով և հավատով՝
ձեր գործընկեր Աշոտ Հակոբյան
Մտավորականը չի կարող իշխանամետ լինել կամ ծառայել ինչ-որ մեկի: Նա պետք է ծառայի միայն ազգին և պետությանը: Լինի քննադատող, պարտադրի, որ իշխանավորը (ժողովրդի ծառան) լավ աշխատի, օգուտ տա պետությանը և ոչ թե, ստրուկ լինելով հանդերձ, իրեն ստրկատեր երևակայի: Նամակն առաջին հայացքից զգացմունքային է, բայցև՝ շատ խորքային ու երկրի ապագայով մտահոգ մարդու պատգամ: