2017 թվականին Հայաստանը կրթության ոլորտում ձեռքբերումներ է ունեցել: Այդ մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Դրանք երկուսն են`ձեռնարկատիրական կրթություն եւ ֆինանսական կրթություն ծրագրերը:
«Ձեռնարկատիրական կրթության տարրերը արդեն շատ դպրոցներում մտան երկրորդ եւ երրորդ դասարանների տեխնոլոգիա առարկայի մեջ: Սա շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք արժեք ստեղծելու մտածելակերպը փոքր տարիքից երեխաների մոտ դարձնենք սեփականություն: Ստեղծողի մտածողությունը աշակերտի մոտ պետք է զարգացնենք փոքր տարիքից»,- ասաց բանախոսը: Իսկ ֆինանսական կրթությունն իր արտահայտությունը մի շարք դպրոցներում գտել է հանրահաշիվ, շրջակա միջավայր, հասարակագիտություն» առարկաների միջոցով: «Կարծում եմ, սրանք ժամանակի պահանջ ունեցող բովանդակային ծրագրեր են: Մնում է ճիշտ ուղղությամբ կարողանանք զարգացնել եւ ինտեգրել»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Բանախոսը չանտեսեց նաեւ «դպրոցական սնունդ» ծրագիրը: Ասաց`ծրագիրն ընդլայնվում է`ներառելով տարբեր մարզեր. «Ամենակարեւորն այստեղ այն է, որ կրթության մեջ նաեւ երեխայի առողջության ապահովման հարցն է դրված, ինչն էլ ուղղակիորեն ազդում է հենց կրթության որակի վրա»:
Պատգամավորը չի պնդում, որ կրթական ոլորտում ամեն ինչ իդեալական է: Ասում է`դեռեւս «չիրականացրած երազանք ունենք»: Դրանից մեկն էլ վերաբերում է բարձրագույն կրթությանը: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը վերջերս է շրջանառության մեջ դրվել, հիմա քննարկումների փուլում է: Մանկավարժ-պատգամավորը հավաստում է`օրինագծի ամբողջ առանցքը հենց ուղղված է բարձրագույն կրթության ակադեմիական որակի բարելավմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ