Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կոչվում է թշնամություն Հայաստանի հանդեպ». Արկադի Կարապետյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հունվար 30,2018 13:10

«Դա կոչվում է թշնամություն մեր հանդեպ, ուրիշ էլ ի՞նչ կարող եմ ասել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, հայտարարեց արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):

Ըստ նրա ՝ այդպիսով երկու պետություններն իրենց խնդիրներն են լուծում, իսկ Ռուսաստանի արածին այլ անուն չկա, քան դավաճանություն: Գնդապետը վրդովվեց. «Դավաճանություն է, թշնամություն. ինչ ուզում եք անունը դրեք, քանի որ դա ամեն ինչին համապատասխանում է: Ինչ պատճառաբանություն էլ բերեն, ասեն՝ բիզնես է կամ այլ բան, միևնույն է՝ արդարացում չէ: Հասարակ մահկանացու, թե պետությունների հարաբերություններ նույնն են: Եթե քո թշնամուն զենք են վաճառում, կարող եք փողոցում էլ հարցնել, մարդիկ շատ ավելի ուրիշ բառերով կբնութագրեն»:

Պարոն Կարապետյանն օրինակ բերեց, թե Ռուսաստանի արածը Հայաստանի հանդեպ նույնն է, ինչ մի մարդու թշնամուն տանես դանակ տաս, որ նրան սպանի:

Հիշելով 80-ականների իրավիճակը՝ ազատամարտիկը պատմեց՝ հայերը շատ լավ հասկանում էին, որ արյուն է հեղվելու. «Սպասելի էր, որ թուրքերը մեզ կրակելու, սպանելու են: Բայց մենք հավատում էինք, որ մեր պայքարն արդար է և պետք է հաղթենք: Ես տրիբունայից ասում էի՝ ժողովուրդ, այս պայքարը ոչ մեկ, հինգ, ոչ գուցե հիսուն տարվա պայքար չէ: Շարժումն ինքնաբերաբար տեղի չունեցավ, պատահական ոչինչ տեղի չունեցավ, մենք ընդհատակում լավ կազմակերպվել էինք, տիրապետում էինք իրավիճակին: Մենք տնօրինեցինք մեր բախտը»:

Գնդապետն անկեղծացավ՝ այն ժամանակ ոնց հաշվում էինք, պարտվում էինք, շանս չկար, բայց հաղթեցինք:

Անդրադառնալով հողերը հանձնելու մասին հայտարարություններին՝ ազատամարտիկը վստահեցրեց, թե սա լոկ տարածք չէ, սա հայրենիք է. «Ո՞վ է ինձնից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ այն հանձնելու: Մենք հող չենք գրավել, մենք մեր հայրենիքն ենք ազատագրել: Որ ասում են 800 հեկտար… ես հո գյուղատնտես չե՞մ, որ հեկտարների մասին խոսեմ: Ես հայրենիքի մասին եմ խոսում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031