«Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը համարում է ժամանակին համահունչ: Ըստ նրա՝ փաստաթուղթը զգալի խնդիրներ է լուծելու:
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ ինքն անձամբ է հանձնաժողովին առաջարկել, որ մինչև օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումը լսումներ անցկացվեն, քանի որ տարբեր արձագանքներ կան օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք իրենց մտահոգում են: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց՝ փորձելու են լսել բոլոր մտահոգությունները, առաջարկների դեպքում հասկանալ, թե դրանք ինչքանով են տեղավորվում նախագծում, հետո միայն անցնեն օրինագծի՝ ԱԺ-ում քննարկմանը:
Կարեն Ավագյանի համար մտահոգիչ է այն, որ բուհերի կառավարման խորհուրդներում կրճատվել է ուսանողների ներգրավվածությունը: Հիշեցնենք, որ նախկին 25 տոկոսի փոխարեն այս օրինագծում այն 10 տոկոս է ամրագրված: Պատգամավորի փոխանցմամբ՝ ամեն ինչ անելու են, որպեսզի գոնե 20 տոկոս քվոտան պահպանվի. «Տարիներ շարունակ խոսել ենք ուսանողակենտրոն կրթության մասին, և ուսանողական ակտիվությունը տարբեր խորհուրդներում, կառավարման օղակներում հանգեցրել էր նրան, որ ուսանողներն իրենք էլ էին մասնակից դառնում բուհերի կառավարմանը, որն իր պտուղները տվել է. ուսանողներն այդ աշխատանքն անում էին փայլուն»:
Անդրադառնալով օրենքի նախագծի այն դրույթին՝ համաձայն որի՝ կառավարման խորհրդի կազմում 30 տոկոս պետք է լինեն գործատու միջավայրի ներկայացուցիչներ, որոնք բուհի գիտխորհրդի կողմից են առաջարկվում, պարոն Ավագյանը մտահոգություն հայտնեց. «Հստակ չէ՝ ովքե՞ր են այդ գործատուները, ի՞նչ մեխանիզմներով են ընտրվելու, ընդհանրապես ո՞վ է համարվում գործատու, որպեսզի հայտնվի այդ խորհուրդներում: Արդյոք պետական մարմիններում աշխատող մարդի՞կ են, թե՞ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները, և այս տեսանկյունից մենք որոշակի պարզաբանման խնդիրներ անպայման ունենալու ենք»:
Ըստ Կարեն Ավագյանի՝ խնդրահարույց է նաև այն, որ օրենքի նախագծում բացակայում է մասնավոր բուհերի կառավարման ողջ բլոկը: Ըստ պատգամավորի, եթե բուհերը տանում ենք հավասարեցման, ապա կառավարման սկզբունքներն էլ պետք է նույնը լինեն. «Եթե խոսում են հավասարեցման, դիպլոմների ճանաչման, ընդունելության գործընթացի նույնականացման մասին, պետք է խոսենք նաև կառավարման մասին: Մասնավոր բուհերում էլ պետք է ուսանողները կառավարման մարմինների անդամ լինեն, համապատասխան ներկայացվածություն ունենան կրթական որակը վերահսկելու համար, ոչ թե մասնավոր բուհերը միայն հավաստագիր ստանան և վերջ»:
Կարեն Ավագյանը դրական գնահատեց օրենսդրական այն մոտեցումը՝ համապատասխան որի այսուհետև ամբիոնի վարիչները դառնում են վարչական մասի աշխատողներ: Այս առիթով պատգամավորը պարզաբանեց. «Այս օրենքը հնարավորություն է տալու արդեն մի քանի մարդու կոնկրետ պաշտոնում իրենց աշխատանքը կենտրոնացնել, ինչի արդյունքում կունենանք որակական փոփոխություններ: Նոր օրենքով պրոռեկտորներն այլևս չեն կարող լինել միևնույն ժամանակ ամբիոնի վարիչներ, ամբիոնի վարիչները չեն կարող միևնույն ժամանակ լինել ՊՈԱԿ-ների տնօրեններ՝ նրանք համարվելու են վարչական աշխատողներ: Նույնը վերաբերում է ռեկտորներին, բոլոր այն մարդկանց, որոնք բացի ամբիոնի վարիչից վարչական հատվածում այլ պաշտոն էին զբաղեցնում»:
Ըստ Կարեն Ավագյանի՝ նոր օրենքը լուծում է նաև 70 տարեկան տարիքային ցենզում գտնվող անձանց հարցը, ինչը գալիս է լուծելու կրթության երիտասարդացման խնդիրը:
Արձագանքելով մտահոգություններին, որոնք ուղղված են ուսանողական կառույցների ֆինանսավորման մեխանիզմներին՝ պարոն Ավագյանը տեղեկացրեց՝ ընդհակառակը, ֆինանսական հատկացումները կրճատվել են. «Ուսանողական մարմիններն իրենք են տնօրինում հատկացված գումարը՝ բուհի ռեկտորի՝ ֆինանսական վերահսկողությամբ: Ֆինանսավորումն ուղղված է ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր ու մասնագիտական դարձնելու համար: Ուսանողական մարմինները պետք է ունենան առանձին ֆինանսավորում, որ որևէ տեղից, որևէ մեկից, բուհի ղեկավարի քմահաճույքից կախված չլինեն»:
Կարեն Ավագյանը նորամուծություն համարեց օրենքում ամրագրված՝ ինտեգրված կրթական համակարգը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ քննարկման ենթակա հարցեր կան:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե նոր օրենքով վարչապետն է հաստատելու բուհի խորհրդի կազմը, ինչը հարված է հասցնում բուհի ինքնավարությանը, պարոն Ավագյանը վստահեցրեց՝ այս առումով որևէ փոփոխություն չկա. «Տարիներ շարունակ բուհի հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը հաստատվել է վարչապետի կողմից, բայց յուրաքանչյուր մարմին ինքն է ներկայացրել իր ներկայացուցիչներին: Ուստի տեղին չեն այն մտահոգությունները, թե բուհերի ինքնավարության հետ կապված որոշակի խնդիրներ կարող են առաջանալ»:
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ