Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից հրապարակ է նետվում այն թեզը, որ ռուսական զորքը Հայաստանում է «թուրք ոսոխից» հայաստանցիներին «փրկելու» համար. Հանուն Հայաստան Պետության ճակատ

Հունվար 30,2018 12:58

Հանուն Հայաստան Պետության ճակատի Հայտարարությունը

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակի առիթով «Հանուն Հայաստան Պետության» ճակատի կազմակերպած և 22.12.2017-ին կայացած կլոր սեղանի 7 մասնակիցների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը հաջորդեցին Կրեմլի ոչ պաշտոնական մունետիկների արձագանքները, որոնք ևս մեկ անգամ եկան ցույց տալու կրեմլյան քաղաքականության նպատակներն ու բուն էությունը Հայաստան պետության և Հայաստանի ինքնիշխանության առումով:

Չնայած, որ հայտարարության մեջ հնչած պահանջներն ուղղված էին ներկայումս ի պաշտոնե այդ խնդիրների լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին, այսինքն՝ գործող իշխանությանը, այնուամենայնիվ նրանք քար լռություն են պահպանում՝ մեկ անգամ ևս ի ցույց դնելով Հայաստանի ինքնիշխան ապագայի, հետևաբար նաև հայության ապագայի հանդեպ իրենց հանցավոր անտարբերությունը:

Հրապարակված արձագանքների մեջ հստակ երևում են այն արհամարհանքն ու ստորակարգող վերաբերմունքը, որ Հայաստան պետության հանդեպ իրականում ունեն կրեմլյան իշխանությունները և տիրաժավորելով՝ ներարկել և շարունակում են ներարկել իրենց ժողովուրդներին: Նորից հրապարակ է նետվում այն թեզը, որ ռուսական զորքը Հայաստանում է «թուրք ոսոխից» հայաստանցիներին «փրկելու» համար, և դրա դիմաց իրենք «իրավունք են վաստակել» վերացնելու հայոց ինքնիշխան պետություն Հայաստանը՝ ընդգրկելով ռուսական նեոկայսրության մեջ՝ որպես տարածքային միավոր՝ ֆորպոստ:

ՀՀՊ ճակատը դեռևս իր հիմնադիր հռչակագրում արձանագրել է, որ «Առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատևումն ընդհանրապես», որն էլ կհանգեցնի հայերիս վերջնական հայրենազրկմանը:

Այս պարզագույն ճշմարտությունը հասու չէ նաև Հայաստանի պետական և քաղաքական շատ գործիչների, հատկապես Հայաստանի իշխանություններին, որոնք առանց ինքնիշխան Հայաստան պետության այլ երաշխիք են պատկերացնում Հայաստանի և հայության հետագա գոյատևման ու բարգավաճման համար: Եվ այս մտածելակերպը բերել է այն բանին, որ Կրեմլը Հայաստանը դիտում է որպես հարգանքի անարժան պետություն՝ իրեն վերապահելով տարածաշրջանում իր շահերն ապահովելու իրավունքը՝ առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը, և ավելին՝ բացարձակապես ոտնահարելով Հայաստանի ինքնիշխան շահերը, գործելով հակառակ այդ շահերի:

Այդ ոչ գործընկերային, վասալային հարաբերությունների բացահայտ և ցինիկ դրսևորումներից է փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շարունակական զինումն ընդդեմ Հայաստանի ու Արցախի՝ դրանով իսկ ևս մեկ անգամ հիմնավորելով, որ «սահմանապահ զորքերն» իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի և հայաստանցիների անվտանգության ապահովման հետ: Այդպիսով Կրեմլը հարցականի տակ է դնում նաև Մինսկի խմբի ձևաչափում իր գործունեության անկողմնակալությունը՝ Մինսկի խումբն օգտագործելով որպես բացառապես սեփական շահերն ապահովելու քաղաքականությունն իրագործելու շղարշ և ոչ որպես կրքերը հանդարտեցնելու և խաղաղ լուծումներ գտնելու գործիք: Այս ամենին նպաստում են Հայաստանի իշխանություններն իրենց վարած ապազգային, Հայաստանի շահերից չբխող, ոչ արժանապատիվ կեցվածքով ու քաղաքականությամբ, ինչպես նաև հայ հանրության մեջ դեռևս առկա ապաքաղաքական և ապապետական մտածելակերպով անհատներն ու խմբերը:

Հաշվի առնելով ռուսական կողմի այս հրապարակումներն ու հակադարձումները, ինչպես նաև Հայաստանը ոչնչացնելու իրենց նպատակները չթաքցնող հակառակորդին անընդհատ զինելու և քաջալերելու անթաքույց, ցինիկ գործողությունները՝ «Հանուն Հայաստան Պետության» ճակատը հայտարարում է, որ ամբողջությամբ կիսում է «Յոթի հայտարարության» մեջ արտացոլված մոտեցումները ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ և համոզված է, որ միայն այդ քայլերով հնարավոր կլինի սկսել Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման գործընթացը, իսկ արտաքին աշխարհում, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ վերականգնել իրական, փոխադարձ շահերը հաշվի առնող գործընկերային հարաբերություններ՝ առանց «հավերժ բարեկամ» կամ «ռազմավարական գործընկեր» աննյութ բնութագրումների:

Հայտարարության տակ ստորագրել են՝

Դավիթ Ս. Դավթյան
Հրաչիկ Միրզոյան
Վարդան Հակոբյան
Կարեն Գալստյան
Լևոն Բարսեղյան
Գայանե Շախյան
Արմենակ Կյուրեղյան
Կարապետ Ռուբինյան
Ալբերտ Բաղդասարյան
Վոլոդյա Ավետիսյան
Կառա Չոբանյան
Աղավնի Սահակյան
Արաքսի Գրիգորյան
Դավիթ Սանասարյան
Արմեն Հովհաննիսյան
Թորոս Սեֆիլյան
Սուսաննա Մուրադյան
Արայիկ Պապիկյան
Աննա Հար
Պետրոս Մակեյան
Ալեք Ենիգոմշյան
Թամարա Հովհաննիսյան
Խաչիկ Չիլինգարյան
Հարություն Բաղդասարյան
Արմեն Մովսիսյան
Դավիթ Գյուլզադյան
Մուշեղ Շուշանյան
Մերի Ավետիսյան
Անահիտ Խաչատրյան
Հայկական Վերածնունդ-Բելգիայի մասնաճյուղ-Գարիկ Խաչատրյան

«Հանուն Հայաստան Պետության» ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031