Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց ամբաստանյալների եւ դատավոր Արթուր Օհանյանի միջեւ հերթական բանավեճով: Ամբաստանյալները հայտարարեցին՝ չեն ցանկանում, որպեսզի հանրային պաշտպանները ներկա լինեն նիստերին, որովհետեւ իրենց պայմանագրային պաշտպանները ներկա են:
Հիշեցնենք՝ դատավոր Արթուր Օհանյանը, ինչպես եւ ծռերի մյուս երկու գործերով դատավորները, երեք հանրային պաշտպանների նշանակեցին այն բանից հետո, երբ «ծռերն» ի աջակցություն Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ բոյկոտեցին նիստերը: Ստացվում է, որ նրանք եւ հանրային պաշտպան ունեն, եւ պայմանագրային, եւ նիստը ինչ-ինչ պատճառով կրկին բոյկոտելու դեպքում դատավարությունը, միեւնույնն է, շարունակվելու է, որովհետեւ հանրային պաշտպանները ներկա են լինելու (ամբաստանյալի հանդեպ նիստերի դահլիճից հեռացման սանկցիայի կիրառման դեպքում նիստը շարունակվում է պաշտպանի ներկայությամբ):
«Մենք հրաժարվում ենք հանրային պաշտպանների ծառայություններից, նրանց ներկայությունն ավելորդ է: Մենք չենք հրաժարվել մեր պայմանագրային պաշտպաններից»,-հայտարարեց ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը:
Ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանն էլ շարունակեց. «Իմաստը ո՞րն է հանրային պաշտպանների ներկայության: Ինչո՞ւ չեն հեռանում դահլիճից, պատանդ եք վերցրե՞լ նրանց»: Դատավոր Արթուր Օհանյանն արձագանքեց,-«դա դուք չեք որոշում»,-եւ կրկին հիշեցրեց, որ հանրային պաշտպանները ներգրավված են, հարցն այլեւս չի քննարկվում:
Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց՝ դատարանի՝ հանրային պաշտպաններ ներգրավելու որոշումն անօրինական է. «Մեր պաշտպանյալները կարող են որոշել՝ հանրային պաշտպա՞նն այսօր մնա դահլիճում, թե՝ պայմանագրայինը: Ուստի հարգելի գործընկերներիս՝ հանրային պաշտպաններին, կխնդրեմ հեռանալ դահլիճից եւ իրենց մյուս գործերով զբաղվել»: Դատավորը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է, ոչ մեկի իրավունքը չի խախտվում»:
Հանրայն պաշտպաններից Արմինե Ֆանյանն էլ միջնորդեց դադարեցնել իրենց լիազորությունները, սակայն միջնորդությունը մերժվեց: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ հայտարարություն ունի, սակայն դատավորը բղավելով ասաց, որ թույլ չի տալիս շարունակել:
Շարունակվում է գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հետազոտման փուլը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ