Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ջանջուղազյանն ամեն կերպ ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը. «Ժողովուրդ»

Հունվար 30,2018 12:11

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին։

– Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործի վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ սպանության հիմքում իսլամիստական գաղափարախոսությունն է, եւ Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետության» հետեւորդ է։ Որքանո՞վ է դա ճիշտ, արդյո՞ք մեր հանրության մեջ այդ գաղափարի կրողներ կան, եւ եթե այո, ազգային անվտանգության մարմիններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում հանրային անվտանգության ապահովման համար։

– Արման Ջանջուղազյանի վերաբերյալ քրեական գործը չուներ նախադեպ, այն մեր կողմից խիստ կարեւորվում էր այնքանով, որ ռուս զինծառայողի սպանությունը իրականացվել էր կրոնական մոլեռանդության շարժառիթով։

Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը։ Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից։

Չնայած այն փաստին, որ նախաքննության ընթացքում Արման Ջանջուղազյանն ամեն կերպ ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը, քննությանը հայտնի չդարձնել նրանց համացանցային տվյալները, ՀՀ ԱԱԾ մասնագետների ջանքերով հաջողվեց հեռացնել Արման Ջանջուղազյանի բջջային հեռախոսի գաղտնաբառը, ինչպես նաեւ շրջանցել բջջային հավելվածի վրա տեղադրված արգելքն ու պարզել մեզ հետաքրքրող բոլոր տվյալները։

Նշված քրեական գործի շրջանակներում մեր կողմից ուսումնասիրվել են Արման Ջանջուղազյանի՝ հետաքրքրություն ներկայացնող կապերը, համապատասխան քննչական պահանջներ են ուղարկվել ՌԴ, Հունաստան եւ ԱՄՆ։

Արման Ջանջուղազյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար եւ տվել է խոստովանական ցուցմունքներ։

Ազգային անվտանգության ծառայությունը, բնականաբար, այդ թվում նաեւ քննչական վարչությունը, իր գործառույթների շրջանակներում շարունակելու է հակաահաբեկչական բնույթի հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ դրանք կանխարգելելու եւ բացահայտելու նպատակով։ Նշեմ, որ դա ՀՀ ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններից մեկն է, ընդ որում, աշխատանքներն իրականացնելիս ազգային անվտանգության ծառայությունն ակտիվորեն համագործակցում է գործընկեր պետությունների եւ միջազգային կառույցների հետ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031