Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է այդ պայմաններում հայրենիքին ծառայել Կարեն Կարապետյանը. «Իրատես»

Հունվար 30,2018 11:55

Ապագայի ամենամեծ հարցացուցակը վարչապետ Կարեն Կարապետյանինն է:
1. Ըմբոստանալ ու վերջին մեկ ամսում պայքարել վարչապետ լինելո՞ւ համար: Ո՞ւմ հետ:

2. Ընդունե՞լ առաջին փոխվարչապետ դառնալու առաջարկը: Թե՞ թողնել ու նորից սլացիկ հեռանալ:

3. Եթե մնալ, ի՞նչ երաշխիք, որ կաշխատի մինչև 2022-ը` տնտեսական այս վիճակում:

4. Եթե նույնիսկ մնաց, 2022-ից հետո ի՞նչ է անելու` կյանքի լավագույն տարիները Հայաստանում խրված մնալուց հետո:

5. Եթե մնաց, ստեղծելո՞ւ է իր համար քաղաքական հենարան: Նոր կուսակցություն: Փող կա, իսկ տե՞ղ քաղաքական դաշտում: Ի՞նչ դեր պիտի ունենա քաղաքական դաշտում կուսակցությունը: Հավաքի բոլոր նեղացածների՞ն: Ու` ի՞նչ գաղափար առաջադրի: Իշխանություն կա, ընդդիմություն կա, այլընտրանք կա: Նախկիններ կան: Ներկաներ կան: Ապագաներ կան:

6. Ինքնուրու՞յն է իր որոշումներն ընդունում, թե՞ շարունակում է հույս կապել Կարապետյանների կլանի հետ: Իսկ անկախ ու հուսալի՞ են նրանք:

7. Իմաստ ունի՞ ձգել մինչև 2022-ը` լիարժեք վարչապետ դառնալու համար:

Ու ամեն հարցի հետ տասնյակ ենթահարցեր կան: Համենայն դեպս, «ինչպես»-ը կա ու կա: Ի՞նչ կանի Կարեն Կարապետյանը:

Արմեն Սարգսյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական ասպարեզում նրա համար խթան է գործելու, բայց և` ազդանշան կորցրած ժամանակի: Կարեն Կարապետյանը կարող էր ու պարտավոր էր վարչապետության ընթացքում աշխատել Վրաստանի հետ Վերին Լարսին այլընտրանք գտնելու, ԱՄՆ-ի հետ էներգակիրների դիվերսիֆիկացման հարցում` ոչ մի երկիր հենց այնպես չի հայտարարում, որ պատրաստ է 8 միլիարդ դոլար ներդնել: Կարող էր ու պարտավոր էր աշխատել Իրանի հետ` Հայաստան բերելու իրանական գազը և իր ազդեցությունն օգտագործելու «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը փոխելու համար: Բայց գերադասեց քաղաքականություն չմտնել, անգամ` տնտեսական: Ռիսկի չդիմեց: Անհաջողությունը պաշտոնանկությունն էր, մինչդեռ հաջողությունը ապահովում էր քաղաքական կապիտալ, որ պետք էր վարչապետ մնալու համար:

Հիմա մնում է միայն ուրիշի խաղին մասնակցելու տարբերակը: Քիչ չէ առաջին փոխվարչապետի հեռանկարը, բայց դա լինելու է բացարձակապես անհեռանկար պաշտոնավարում` առանց կարիերային աճի շանսի: Պատրա՞ստ է այդ պայմաններում հայրենիքին ծառայել Կարեն Կարապետյանը: Գոնե այս հարցի պատասխանը նա պետք է ինքնուրույն տա` առանց կուսակցական ու անդրսահմանային հուշումների` իր կյանքն է, իր կարիերան, իր ժամանակը: Իր հայրենիքը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031