Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ եւ արտոնություններ է ունենալու. «Ժողովուրդ»

Հունվար 30,2018 11:10

Երեկվանից շրջանառության մեջ դրված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է՝ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26 հասցեում՝ ներկայիս նախագահական նստավայրում։ Իսկ ապագա նախագահին, որն, ի դեպ, նոր Սահմանադրությամբ շատ սահմանափակ լիազորություններ է ունենալու, որպես նստավայր հատկացվելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը։

Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ եւ արտոնություններ է ունենալու։ Վարչապետը, բացի ծառայողական առանձնատնից, պետական ամառանոցից, հատուկ նշանակության ավտոտրանսպորտից, ունենալու է նաեւ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ։ Մինչդեռ նախագահը, որ Սահմանադրությամբ պետության գլուխն է եւ միջազգային ասպարեզում ներկայացնելու է Հայաստանը, չի օգտվելու առանձին ինքնաթիռ եւ ուղղաթիռ ունենալու արտոնությունից (ի դեպ, բարձրաստիճան մյուս պաշտոնատար անձինք կարող են օգտվել կառավարության ղեկավարի համար նախատեսված հատուկ սարքավորված ինքնաթիռի եւ ուղղաթիռի սպասարկումից, բայց միայն վարչապետի որոշմամբ սահմանված կարգով)։

Իսկ ահա ԱԺ նախագահի համար այս նախագծով առանձին սոցիալական երաշխիքներ ընդհանրապես չկան, ո՛չ նշված է ծառայողական առանձնատան, ո՛չ պետական ամառանոցի, ո՛չ էլ հատուկ նշանակության ավտոտրանսպորտի մասին։ Նախագծում միայն ասված է, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ, տարեկան ոչ ավելի, քան 50 մլն դրամի չափով, եւ վերջ։

Բայց շատ ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հայտնի փաստ է, որ երկրում իրական իշխանությունը պատկանում է նրան, ում ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նախատեսված է, որ այս բոլոր կառույցները գործելու են վարչապետի ենթակայության տակ։ Բացի այդ՝ օրինագծով նախատեսված է, որ վարչապետի ենթակայության տակ է գործելու նաեւ պետական վերահսկողական ծառայությունը։

Սա, ի դեպ, նոր կառույց է, որը մեծ հաշվով նման է լինելու նախագահի վերահսկողական ծառայությանը, սակայն ունենալու է առանձին կարգավիճակ՝ բավական լայն լիազորություններով ու հնարավորություններով։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031