«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ուշագրավ փոփոխություններ են կատարվել։ Անվտանգության խորհրդի կազմում, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացված է Ազգային ժողովի նախագահը։ Նախագիծն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց հունվարի 10-ին, ապա հանվեց նախագծերի «սեւագրությունների կայքից» եւ վերադարձվել է օրեր առաջ։
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԱԺ նախագահի ներկայությունն ԱԽ կազմում ուղղակի պարտադիր է։ «Ես գլխավոր դատախազի, ՍԴ նախագահի մասին նույն վստահությամբ չէի ասի, որովհետեւ, վերջին հաշվով, նրանք բոլորն էլ ԱԺ-ի կողմից են նշանակվում, իսկ ԱԺ նախագահի չներկայացվածությունն ինստիտուցիոնալ սխալ է»,- ասաց Մարուքյանը։ Խորհուրդը պաշտպանության քաղաքականության մշակմամբ է զբաղվելու, գուցե այս հանգամա՞նքն է արդարացնում այդ բացակայությունը։ «Կարծում եմ՝ ոչ։ Վերջին հաշվով, արտակարգ դրություն հրավիրելու եւ այլ հրատապ իրավիճակների հետ կապված՝ ԱԺ-ն բացառիկ դեր ունի»։
Խորհրդարանի ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք ԱԺ նախագահի բացակայության վերաբերյալ եւ ստացանք հետեւյալ պատասխանը․ «Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ, ըստ էության, որեւէ առնչություն եւ լիազորություն չունի անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում։ Իսկ ԱԽ-ն ինստիտուցիոնալ տեսանկյունից ուղղված է հենց այդ գործառույթների իրականացմանը, եւ եթե նախկին Սահմանադրությամբ ԱԺ նախագահը փոխարինում էր ՀՀ նախագահին՝ որպես երկրի երկրորդ դեմք, եւ ըստ էության այդ տեսանկյունից կարելի էր մեկնաբանել ԱԱԽ-ում իր լինելը, մինչդեռ նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահը վարչապետին փոխարինելու իրավազորություն չունի»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում