Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Սարդարյան. «Չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են». «Իրատես»

Հունվար 30,2018 10:30

Անցած շաբաթ ավարտվեցին գնաճի վերաբերյալ ԱԺ լսումները, թե ինչ արդյունք կտան դրանք, պարզ կլինի առաջիկա երկու շաբաթում: Ինչ խոսք, գնաճը տնտեսական կատեգորիա է, բայց քանի որ այն հարվածում է իշխանության վարկանիշին, ապա վերածվում է քաղաքական գործոնի: Արդյոք գնաճի այս միտումը պայմանավորված է «ընդդեմ» մոտեցմամբ: Այս և գնաճի հետ կապված մի քանի հարցերի շուրջ՝ ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ տեսակետը:

-Որոշ ապրանքների թանկացումը Ձեզ համար նկատելի՞ է, թե՞ Դուք համարում եք, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն:

-Ասեմ այսպես՝ դա շատ անհատական է, կախված նրանից, թե յուրաքանչյուրիս համար որ ապրանքատեսակներն ավելի մեծ կշիռ ունեն, և թանկացումը որքանով է անդրադառնում ընտանեկան բյուջեի վրա: Կրկնեմ, ցանկացած թանկացում լրացուցիչ դժվարություն է ժողովրդի, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավի համար, և ցանկացած պետության գործառույթն է մեղմել այդ թանկացումների հետևանքները: Ընդհանուր սպառողական զամբյուղում, որպես առաջին անհրաժեշտություն, հաշվարկվում են սննդամթերքի, կոմունալ վճարումների, առողջապահական և տրանսպորտի ծախսերը: Գների բարձրացում նկատվում է միայն սննդամթերքի մասով, այն էլ՝ առանձին ապրանքատեսակների գծով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են: Այս մասին փաստում է ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, դա նկատելի է նաև շուկայում: Նվազել են թռչնամսի, ալյուրի, ձեթի, հնդկաձավարի, շաքարավազի գները, և քանի որ սննդամթերքի որոշ տեսակների մասով կա թանկացում, մի մասով էլ՝ նվազեցում, կարծում եմ, սպառողական զամբյուղում գները պետք է որ իրար հավասարակշռեն:

Գների բարձրացումը ինչպես մեզանում, այնպես էլ զարգացող և զարգացած երկրներում բնականոն երևույթ է՝ պայմանավորված միջազգային շուկայի գների տատանումներով:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Հայաստանում գրեթե միշտ եղել են սեզոնային գների բարձրացումներ, առավել ևս, դրանք նկատելի են եղել ամանորյա տոներից առաջ և հետո: Իհարկե, բացի օբյեկտիվ պատճառներից, այստեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ, որի համար պետությունն ունի համապատասխան քաղաքականություն և կիրառում է համապատասխան գործիքակազմ՝ վերահսկելով, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չհիմնավորված ձևով գները չբարձրացնեն, մյուս կողմից, սրան ավելացան նաև «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները և ԵԱՏՄ մաքսատուրքերի կիրառումը, որոնք հաստատելուց առաջ էլ բոլորս գիտեինք, որ առաջացնելու են որոշ ապրանքների թանկացում: Այնպես որ, այս ամենը կանխատեսելի էր:

Չնայած սրան, ԿԲ-ն հայտարարեց, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա կկազմի առավելագույնը 1 տոկոսային կետ։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին վառելիքի շուկային: Մասնագետների գնահատմամբ, բենզինով շահագործվող մեքենաները գրեթե արտադրական շղթայի մաս չեն կազմում և մուլտիպլիկատիվ առումով պետք է որ ազդեցություն չունենան գնագոյացման վրա: Հայաստանի ավտոտնտեսության ավելի քան 70 տոկոսը, որպես շարժիչային վառելիք, օգտագործում է սեղմված գազ, և ներկա սակագինը գործել է նախկինում: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա բարձրացված գինը կարող է բեռ հանդիսանալ գյուղատնտեսության համար, ինչի հետ կապված տարբերակները քննարկվում են: Առաջին հերթին գյուղատնտեսական կարևոր ապրանքների համար պետք է կիրառվի ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու համալիր ծրագիր, գյուղարտադրության զարգացման, արդյունավետ գյուղատնտեսության մեխանիզմների ներդրման ծրագիր, ինչը հնարավորություն կտա և՛ գյուղարտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, և՛ խրախուսելու տեղական արտադրությունը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031