Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխել ենք, ծխում ենք եւ շարունակելու ենք ծխել»

Հունվար 30,2018 10:00

Եթե ձեզ ասում են՝ չի կարելի աղբը նետել մեքենայի պատուհանից, մի՛ համաձայնեք: Որովհետեւ Հայաստանում չկա սոցիալական արդարություն: Քանի որ չկա արդարություն, հետեւաբար ամեն քայլափոխի պետք է աղբանոցներ սարքել: Տրամաբանական է, չէ՞: Այ, եթե ինչ-որ հրաշքով մենք ապրեինք արդար, օրինական երկրում, այդ դեպքում հոգ կտանեինք քաղաքի եւ հանրապետության մաքրության մասին:

Եթե ձեզ ասում են, որ աջակողմյա երթեւեկության պայմաններում չպիտի լինեն աջ ղեկով մեքենաներ, դա նույնպես սխալ է: Ինչո՞ւ է սխալ: Որովհետեւ Հայաստանում կա մեկ միլիոն աղքատ: Նույնպես շատ տրամաբանական է: Եթե լիներ, օրինակ, կես միլիոն աղքատ, այդ ժամանակ հնարավոր կլիներ մտածել ձախ ղեկ ունենալու մասին:

Եթե ձեզ ասում են, որ հասարակական վայրերում ծխել չի կարելի, որովհետեւ այդ վայրերում կարող են լինել նաեւ չծխող մարդիկ, դա ընդհանրապես անհեթեթություն է: Որովհետեւ Հայաստանում ընտրություններ են կեղծվում: Հասկանալի է, չէ՞, որ մարդիկ ծխում են հենց իշխանությունների՝ լեգիտիմության պակասի դարդից եւ կսկսեն առողջ ապրելակերպ վարել միայն այն պարագայում, եթե ունենան լեգիտիմ իշխանություն: Արդար ընտրությունները մարդկանց կստիպեն ավելի հոգատար լինել սեփական եւ ուրիշների առողջության հարցում:

Եթե ցանկություն չկա լինելու նորմալ քաղաքացի եւ նորմալ մարդ, բոլոր փաստարկներն էլ ընդունելի են: Մանավանդ այս վերջին՝ ծխելու դեմ պայքարի դեպքում, երբ մի «բոխչայի» մեջ են հավաքվել սովորական պոպուլիզմը, համեմատաբար «անշառ» թեմայով իշխանության ոչ բարձրագույն օղակին հակադրվելը, ինչպես նաեւ «Ինգո Արմենիայի» բիզնես մրցակիցների շահերը:

Ես կողմ եմ, որ սննդի օբյեկտներում, հիմնարկների գրասենյակներում, տրանսպորտում, վերելակներում եւ կանգառներում ծխելն ամբողջությամբ, անվերապահորեն արգելվի: Ուրիշ հարց, որ մեր պետությունն առայժմ չի մտածել արդյունավետ ձեւեր, որոնցով հնարավոր կլինի իրագործել այդ արգելքը: Բարձրացնել տուգանքների չափերը՝ ինձ թվում է, դա արդյունավետ ճանապարհ չէ: Եվ խնդիրը «բա էս խեղճ ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ նման տուգանք եք դնում» պոպուլիստական փաստարկը չէ: Խնդիրն ավելի պարզ է. եթե հասարակական վայրում ծխող մարդկանց չի հաջողվում տուգանել, երբ տուգանքը, ենթադրենք, 5 հազար է, ապա չի հաջողվի տուգանել, երբ տուգանքը 50 կամ 500 հազար է: Եթե նախորդ՝ ավելի մեղմ օրենքը չի գործում, այն չի գործի նաեւ «խստացումների» պարագայում: Ոչինչ չի վարկաբեկում ճիշտ գաղափարը, որքան «օդի մեջ» մնացած, անիրագործելի հռչակագրերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Լավ կլիներ, որ Միացյալ Թագավորությունից պատվիրված նոր նախագահը, օժիտից մի 1000 հատ LTI (London Taxis International) նվիրեր չծխող, չխմող ու կանանց հետ չհարաբերվող տաքսու վարորդներին, տուգանքներից խուսափելու համար:
    Հետաքրքիր է, ոստիկանությունը ի՞նչ գումար է նախատեսում հավաքել եւ որքա՞ն կարող է լինել տուգանքների ամսական պլանը:
    Ծխամուրճը, սիգարները, նարգիլեն նու՞յնպես կարգելվեն:
    Ամուսիններից մեկը կարո՞ղ է դատի տալ մյուսին տանը ծխելու համար:
    Խորհրդարանի, կառավարության, պետական մարմինների շենքերում, ծխարաններն ու ծխելու սենյակները վերացվելու՞ են:
    Ավելի հեշտ չէ՞ փակելը սիգարետների արտադրությունը եւ արգելել ծխախոտի ներմուծումը հանրապետություն: Թէ ՞…
    Մի խոսքով՝.
    «Ծխելը վնասակար է, խմելը՝ զզվելի, առողջ մեռնելը՝ վիրավորական»:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ծխելու հարցում որքան էլ կշտամբեք քաղաքացիներին՝ տեղ ունեք, միայն որ ՛՛խեղճ պետությանն՛՛ եք փորձում անզոր զոհի տեղ անցկացնել, ինչ-որ անհամազիչ է հնչում: Ի՞նչ է, հնարավոր չէ՞, որ որ լիազորված ծառայողները մտնեն երթուղայիններ ու ավտոբուսներ և տուգանեն կարգազանց վարորդներին: Հիշենք այդ անհաղթահարելի թվացող ամրագոտիների խնդիրը, որի լուծումը ընդամենը մեկ շաբաթ տևեց: Հիմա կասեք, բա դո՞ւք, քաղաքացինե՞րդ…
    Ասեմ. անձամբ ես, այնպես էլ շատ ուղևորներ դիտողություն անում են, սակայն այդ ՛՛տաբուն՛՛ տևում է մինչև տվյալ ուղևորի իջնելը, բացի այդ, այդ դիտողությունը ակնհայտորեն սթրեսի մեջ է գցում վարորդին, ինչը կարող է նաև վթարի պատճառ դառնալ:
    Ինչ վերաբերում է աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների առատությանը, ապա դա է՞լ եք վերագրում ՛՛անֆայմ՛՛ քաղաքացիներին: Նման թույլտվությունը ակնհայտորեն տրված է պետական չինովնիկների կողմից: Ըստ իս՝ այս երկու երևույթներն էլ տեղի ունեն, քանի որ պետությունը իր կարգավորիչ դերը զլանում է կատարել: Երևի ավելի կարևոր գործերի տակ կքել են ու չեն կարողանում գլուխ բարձրացնել…

  3. Avag says:

    Սովորաբար, բոլոր երկրներում էլ տուգանվում են ոչ բոլորը,
    Եթե տուգանվես 5000 դրամ, մի երկու օրում դա կմոռանաս:
    Եթե տուգանվես 50000 դրամ, դա կհիշես մի 2 ամիս, ու այդ երկու ամսում ինքտ էլ կդառնաս ակտիվ “քարոզիչ” քո շրջապատում, որ
    – Ախպեր, մի ծխեք սննդի օբեկտերում, որ բռնվես, “վզիդ դնելու են”:

  4. Լավատես says:

    Մարդու իրավունքների փոխարեն միայն քաղաքացու ու երեխայի իրավունքներն է պետք պաշտպանել, իսկ այլ երկրի քաղաքացին, երբ հայտնվում է ուրիշ պետության մեջ, ընդունում է այդ պետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, այսինքն՝ նա էլ ժամանակավորապես այդ երկրի քաղաքացի է դառնում ու պետությունը նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանի նույն չափով, ինչ իր քաղաքացիների իրավունքները: Էդ մարդ կոչվածը շատ հակաազգային, լուսանցքային, հակապետական գաղափար է, երբ այն համարժեք կամ ավել է քաղաքացի գաղափարին, այդ մարդը լիովին ընդգրկվում է քաղաքացի ու երեխա գաղափարների մեջ: Մեզ պետք չեն մարդու իրավունքների պաշտպաններ, մեզ պետք են քաղաքացու ու երեխայի իրավունքների ու պարտավորությունների պաշտպաններ:

  5. Nara says:

    Ինձ թվում է այս հարցում շատ կարևոր է լրագրողների լուսաբանող հոդվածները ծխախոտի վնասների մասին, կոնկրետ օրինակներ ու վիճակագրական տվյալներ են պետք բերել, շատ հարձակողական տակտիկա պետք է վարել ամենուր դպրոցից սկսած մինչև կառավարություն (ցավալի է բայց փաստ է, որ նույնիսկ նախարարներն են ծխում): Հասկանալի է , որ գոյություն ունի սիգարետ արտադրողների (կամ արտադրողի) շահեր, որ մի ամբողջ ժողովրդի առողջություն պատանդ է վերցրել իր ձեռքում . Մենք աշխարհում համար 1 ծխող պետությունն ենք, վերջապես ինչ որ մեկը համարձակություն կարող է վերցնել ու ասել. կանգնեք բավական է , արթնացեք այ ժողովուրդ դուք ձեր ձեռքերով ձեր գերեզմանն եք փորում, ու ձեր վերջին դրամը ձեր գրպանից դուրս է գալիս ու լցվում է ինչ որ մեկի գանձարանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031