«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հունվարի 27-ին որոշում է կայացրել Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին առաջադրել Իսա Ղամբարի թեկնածությունը: Չնայած նրան, որ, ըստ օրենքի, թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվում է ընտրությունների օրվանից երկու ամիս առաջ, «Մուսավաթն» արդեն ընտրական շտաբի ստեղծման մասին որոշում է կայացրել:
Իսա Ղամբարը եղել է Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը, նա 22 տարի շարունակ՝ 1992թ-ին երկրի անկախացումից ի վեր, ղեկավարել է «Մուսավաթ» կուսակցությունը: 2014թ-ին, կուսակցության կանոնադրության փոփոխությունների համաձայն, լքել է նախագահի պաշտոնը և հիմնել ռազմավարական մտքի ազգային կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը:
Ղամբարը 1992-1993թթ-ին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը և նույնիսկ կարճ ժամանակահատվածում կատարել Ադրբեջանի նախագահի պարտականությունները: 2003թ-ի ընտրություններին նա Ադրբեջանի նախագահի իր թեկնածությունն էր առաջադրել և Իլհամ Ալիևից հետո զբաղեցրել երկրորդ տեղը: 2013թ-ի նախագահական ընտրություններին Ղամբարի թեկնածությունը նույնպես առաջադրվել է, սակայն նա ինքնաբացարկ է հայտարարել հօգուտ ընդդիմության միասնական թեկնածուի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «jam-news»-ի կայքում: