Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «Արմեն Սարգսյանը լավագույն անձերից մեկն է, որը կարող է հայությունն իսկապես միավորելու գործընթաց իրականացնել»

Հունվար 29,2018 22:45

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել:

«Խոսել ենք մեր պատկերացումների մասին, այս նոր էջը, որ պետք է բացվի Հայաստանի համար: Խորհրդարանական համակարգում, ըստ էության, հիմնադիր այս կառույցը ձեւավորելու խնդիրը կա, որովհետեւ հիմա բոլոր կառույցները պետք է նորովի ձեւավորվեն: Մեր համոզմամբ՝ լավ սկիզբը գործի կեսն է, եւ այդ լավ սկիզբը ձեւավորելու մասին ենք խոսել՝ կապված Հայաստանի թե ներքին, թե արտաքին խնդիրների հետ: Մեր համոզումն ենք փոխանցել, որ սա իսկապես պատմական առաքելություն է, որ նախագահը պետք է իրականացնի»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ ծայրահեղ 2 մոտեցում կա նախագահի պաշտոնի հետ կապված. «Մի մասը կարծում է՝ սա նույն նախագահն է, որովհետեւ պետության գլուխն է, որովհետեւ ըստ Սահմանադրության է, նույն լիազորություններով, բայց էդպես չէ: Մյուս մասն էլ կարծում է՝ բացարձակապես որեւէ լիազորություն չունի: Սա էլ էդպես չէ: Այսինքն՝ կա հստակ դաշտ՝ սահմանադրորեն ամրագրված, որ նոր նախագահը այդ նոր դաշտը պետք է ամբողջությամբ յուրացնի: Մեր գնահատումն այդ առումով համապատասխանում է, եւ հենց ինքն էլ ասաց, որ խոսքը 4-րդ հանրապետության մասին է: Մենք էլ ժամանակին ասել ենք, որ այս փոփոխություններով կարելի է ասել Հայաստանը 4-րդ հանրապետությունն է ձեւավորում»:

Ռուստամյանի խոսքերով՝ հենց այդ 4-րդ հանրապետության հիմնադիր պաշտոնյաներից մեկն էլ լինելու է հանրապետության նոր նախագահն՝ այս որակով:

«Մենք այս հանդիպման արդյունքները կամփոփենք, նա իր վերջնական որոշումը կկայացնի մյուս ուժերի հետ հանդիպումից հետո: Մենք որեւէ պատճառ չենք տեսնում, եթե ինքը համաձայնվի առաջադրվել, մենք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանենք, առաջ ընկնելով եմ ասում: Որոշումը կայացնելու խոչընդոտներ չեմ տեսնում հակառակն ասելու համար: Որովհետեւ նա ամբողջությամբ պատկերացնում է պատմական առաքելությունը, որ այսօր պետք է իրականացնի եւ լավագույն անձերից մեկն է, որը կարող է հայությունն իսկապես միավորելու մի կարեւոր գործընթաց իրականացնել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,-ասաց Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մինչ ՀՅԴ-ի հետ հանդիպումը, նաեւ ՀՀԿ-ի ներկայցուցիչների հետ է այսօր հանդիպել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031