Հունվարի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի տարածքով երթեւեկող վարորդները անսովոր կանաչ լույս են տեսել: Ոսկեպարի տարածքում,որտեղ հատվում են դեպի Կիրանց ձգվող հիմնական եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհները, միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները տեսել են ոչ այդքան խիտ մառախուղը ճեղքած կանաչ լույս: Այդ մասին նրանք ահազանգել են մեզ:
Տեսարանը նմանվել է լույսին, որով խուլիգանները կուրացնում են քաղաքացիական օդանավերի օդաչուներին: Վարորդները կարծում են, որ այդ լույսն արձակվել է Ղազախի շրջանի ադրբեջանական ռազմական հենակետերից:
Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը հրետակոծեց Տավուշի մարզի Բերդավան, Սեւքար գյուղերը, Բերդավան գյուղում զոհվեց 2 կին, 2 այլ բնակիչ վիրավորվեց: Այդ ժամանակ գիշերը Օդնդաղ սարից ադրբեջանական զինուժը հզոր լուսարձակներով լուսավորեց Ոսկեպար –Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը եւ գնդակոծեց այդ ճանապարհով երթեւեկող մեքենաներին: Բարեբախտաբար, այդ ընթացքում տուժածներ չեղան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ