Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասել են, որ պետք է խիստ դատապարտվեն, ես ուզում եմ, որ ցմահ ազատազրկվեն». Սպանված կուրսանտի հայր

Հունվար 29,2018 21:50

Այսօր լրացավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության երրորդ տարին: Նրա հիշատակը հարգելու են գնացել նրա համակուրսեցիներն ու ինստիտուտի ղեկավարության ներկայացուցիչներ:

Սպանված կուրսանտի հոր՝ Արկադի Բարսեղյանի տպավորությամբ, դատաքննությունը դանդաղ է ընթանում, դեռ վկաների հարցաքննման փուլն է, բայց. «Միգուցե դա էլ լավ է այնքանով, որ ամբաստանյալները հետագայում չեն կարողանա ասել՝ շփթփ արեցին, ոչ համակողմանի քննություն արեցին, դատն ավարտեցին: Ես հույս ունեմ, որ բոլոր մեղավորներն իրենց առավելագույն պատիժը կստանան, այնպես չէ, որ միայն ես եմ ուզում, դա մեր պետության շահերից էլ է բխում, դա այն սպանությունն էր, որը տեղի ունեցավ մի ինստիտուտում, որը չորս տարին մեկ սպայական կազմ է տալիս բանակին, դա հարված էր հենց պետությանը, բանակին:

Ամոթալի դեպք էր, երբ գոռում-գոչում ենք, որ ամենահզոր բանակը տարածաշրջանում մերն է ու նման սպանություններ են լինում, դա պատիվ չի բերում մեզ: Մինչեւ հիմա չեմ մտածել, որ գործն ուզում են կոծկել, հուսով եմ, որ հետագայում էլ չեմ մտածի, այնպես չի լինի, որ ծանոթ-բարեկամ-խնամի խառնեն ու չստանան խիստ պատիժներ:

Ուզում եմ, որ արդարացի ու խստագույնս պատժվեն, ամեն մեկն իր հասանելիքը ստանա: Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել, ես ում հետ հանդիպում էի՝ նախարարությունում, դատախազությունում, ինձ ասել են, որ պետք է խիստ դատապարտվեն, ես ուզում եմ, որ այդպես էլ լինի, ցմահ ազատազրկվեն»:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031