Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց 2 տարով ազատազրկել Վլադիկ Մարտիրոսյանին, իսկ Թագուհի Մանսուրյանի համար տուգանք սահմանել (Տեսանյութ)

Հունվար 29,2018 21:21

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի եւ նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստն էր, որով երկուսն էլ որպես մեղադրյալ են հանդես գալիս:

Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ՝ հայտնի քրեական գործով արդեն իսկ մեղադրյալի աթոռին է. նա նախորդ տարի շքամուտքի աստիճաններին կացնով հարվածել էր զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին:

64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստրը` ծանր վնասվածքներ ստացել: Այսօրվա դատաքննության մեղադրանքի հիմքում էլ այն է, որ կացնահարվելուց մոտ մեկ ամիս առաջ Թագուհի Մանսուրյանը Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի՝ դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը եւ ձեռքերը: Վլադիկ Մարտիրոսյանին էլ նույն միջադեպի հետեւանքով Թագուհի Մանսուրյանին վնասվածք պատճառելու, նաեւ՝ սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար է մեղադրվում:

Այսօրվա դատական նիստում Թագուհի Մանսուրյանի շահերի պաշտպանի միջնորդությամբ  հետազոտվեց Վլադիկ Մարտիրոսյանի՝ քննիչի մոտ տված հարցաքննության տեսագրությունը: Թագուհի Մանսուրյանը հայտարարեց՝ ինքը չի ճանկռել Վլադիկ Մարտիրոսյանին. եթե ճանկռած լիներ, տեսանյութում նրա  բազուկների վրա հետքերը կերեւային:

Վլադիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին պնդեց՝ տեսանյութում վնասվածքները կարող էին եւ չերեւալ: Ապա` Թագուհի Մանսուրյանը մատնանշեց, որ նախաքննությունն այդ առնչությամբ թերացել է. եթե քննիչն իր արհեստական՝ աճեցրած եղունգներից փորձանմուշ վերցներ, կպարզվեր՝ նա ճանկռել է, թե ոչ: Բացի այդ, Թագուհի Մանսուրյանը նկատեց՝ եթե իսկապես ճանկռած լիներ, աճեցրած եղունգները կոտրված կլինենին:

Տեսագրության հետազոտությամբ այս գործով դատաքննությունն ավարտվեց, սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ միջնորդելով Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման ու 200 հազար տուգանքի վճարման, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ 100 հազար տուգանքի վճարման:

Հաջորդ նիստում Թագուհի Մանսուրյանը եւ նրա շահերի պաշտպանը կօգտվեն վերջին խոսքի իրավունքից եւ հանդես եկան հայտարարություններով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031