2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում կրկին տեղի չունեցավ:
Արդեն մի քանի նիստ է՝ հետաձգվում է գործով առանցքային վկա Նորիկ Օհանջանյանի չներկայանալու պատճառով: Այս վկան եղել է սպանված կուրսանտի սենյակից ու արդեն մի անգամ հարցաքննվել է, բայց պաշտպանական կողմից փաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդել է եւս մեկ անգամ նրան դատարան կանչել հարցաքննության:
Դատարանն այսօր Օհանջանյանին բերման ենթարկելու որոշում ընդունեց: Նորիկ Օհանջանյանն այժմ Ստեփանակերտում է ու դատարանին հայտնել էր, որ ճանապարհների վատ լինելու պատճառով չի կարողանում դատարան գալ: Ի դեպ, այս վկան էր, որ իր ցուցմունքում հայտնել էր, որ իրենց ստիպել են տարածել տեղեկություններ, թե իբր Հայկազ Բարսեղյանն իր շորերը ուզում է բաժանել համակուրսեցիներին:
Հիշեցնենք, որ Նորիկ Օհանջանյանը Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո հոգեկան խորը ապրումների մեջ է հայտնվել, նույնիսկ՝ բուժում ստացել:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ