Ավարտվել է ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ ներկայացուցիչների հետ:
ՀՀԿ անդամ եւ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում այս հանդիպման մասին որոշ մանրամասներ ներկայացրեց:
Նախ, Արմեն Սարգսյանն արդյոք ընդունել է ՀՀԿ-ի առաջարկը՝ դառնալ ՀՀԿ-ի թեկնածուն, թե ինչպես ավելի վաղ էր ասել՝ բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո նոր կհայտարարի իր որոշման մասին, մեր այս հարցին ի պատասխան տիկին Աճեմյանն ասաց. «Արմեն Սարգսյանն այսօր էլ նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի պետք է հանդիպի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մշակույթի եւ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, որից հետո որոշում կկայացնի»:
Ըստ տիկին Աճեմյանի, Սարգսյան-ՀՀԿ հանդիպումը շատ կառուցողական էր եւ նորմալ մթնոլորտում է անցել. «Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին: Կարծում եմ նա բավականին տեղեկացված է, անկախ նրանից, որ երկար տարիներ Մեծ Բրիտանիայում դեսպան է աշխատել, առհասարակ իր վերջին տարիների աշխատանքը Մեծ Բրիտանիայի հետ է կապված եղել, նա շատ լավ տեղեկացված է: Արմեն Սարգսյանը լավ պատկերացում ունի մեր ներքին տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին: Նա իր տեսլականի մասին խոսեց, որը շատ առողջ էր եւ հստակ»:
Թե ինչ հարցեր է ուղղել Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ին, եւ ինչ տեսլական է ներկայացրել, մեր այս հարցերին տիկին Աճեմյանը մասամբ պատասխանեց, նշելով, որ մանրամասները հիմա ճիշտ չէ ներկայացնել. «Արմեն Սարգսյանին մտահոգում է մեր երկրի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական վիճակը, ե՛ւ նաեւ մեր երկրի արտագաղթը: Շատ մեծ լավատեսություն կա իր մեջ, որ մենք նոր Սահմանադրությամբ ու նոր համակարգով կարողանալու ենք դժվարությունները հաղթահարել եւ կառուցել այն երկիրը, որը մենք բոլորս ուզում ենք: Նա Սփյուռքի մասին էլ է խոսել»:
Արդյոք պարոն Սարգսյանը դրական էր տրամադրված ՀՀԿ-ի առաջարկն ընդունելու ուղղությամբ, եւ կընդունի՞ արդյոք այն, տիկին Աճեմյանը մեր այս հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ այո, բայց դա իրեն պետք է հարցնել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ