Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկա Եղիշեի մարմնին, ասի` տաք է օգնեցեք, շտապօգնության բժիշկն ասաց` չէ չկա ինքն այլեւս». Փառանձեմ Մեյթիխանյան

Հունվար 29,2018 19:25

«Ամուսինս պատմեց հարսանիքից, ասաց` գիտես Փառանձեմ, հարսանիքի գնալուց կարկուտի տակ ընկանք, բայց բախտս ընենց բերեց, ես Ավանի կամուրջի տակ էի, կարկուտը մեքենային չէր խփում: Ինչ իմանար` թե 1-2 ժամ անց ինչ կարկուտ է գալու իր եւ ընտանիքի գլխին»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ցուցմունք տալիս պատմեց լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:

Դեպքի մասին տիկին Մեյթիխանյանը իմացել է հեռախոսազանգով. «Աղջկաս հետ ուզում էինք դուրս գալ զբոսնելու, հեռախոսազանգ եկավ, աղջիկս վերցրեց՝ ծղրտոց լսվեց: Զգացի, որ աղջիկս շատ վատացավ, ինձ ուշադրություն չդարձրեց, դուրս վազեց: Տեսա աղջիկս հարեւանի մեքենան նստած գնաց, ես էլ մեր հարեւանուհու հետ տաքսիով հասել եմ դեպքի վայր: Տեսա «Ֆորդ» մեքենան կանգնած է, առաջացա, մեքենայի հետեւը ամուսնուս մարմինը գետնին էր, սկեսուրս գլուխը խփում էր մեքենային, աղջիկս էլ թուլացած ընկած էր: Մտածեցի` վթար է եղել, սկեսուրիս փաթաթվեցի, հարցնում եմ` ինչ է եղել` ասում ա՝ խփեցին: Ընկա Եղիշեի մարմնին, փաթաթվեցի, ասի` տաք է օգնեցեք, շտապօգնության բժիշկն ասաց` չէ տաք է, բայց չկա ինքն այլեւս: Ամուսնուս մարմնի վրա խոր վերք նկատեցի, կոշիկի մեկը հագը չէր»:

Ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի՝ ավելի ուշ սկեսուրը պատմել է ողջ եղելությունը. «Սկեսուրիս ասի` մամ ինչ է կատարվել, ասաց` դեմ դիմաց լույսերը վառած մեքենայով մեր վրա էին գալիս, հետո Եղիշեն արգելակեց, փախցրեց մեքենան: Նրանք ճռռացնելով կանգնեցրին մեքենան, Եղիշեն ասաց` այ անասուններ, ոչխարներ էդ ինչ էիք անում, մուգ մեքենայից դուրս են եկել երեք տղա, մեկ աղջիկ, տղաները հայհոյանքներ են տվել: Սկեսուրս իջել է, երեք տղաները Եղիշեի վրա են եկել, սկսվել է կռիվ, քաշքշոց: Այդ ընթացքում տղաներից մեկը մեքենան մյուս մայթի վրա է տարել: Եղիշեն մեքենային հենվել, պաշտպանվել է, հետո երկրորդ եռյակն է եկել` երկուսը կոլոտ են եղել, մեկը` բոյով, որն ասել ա` ում ախպորն ես խփում: Էդ ով որ ասել է` ում ախպորն ես խփում` ինչ-որ բանով Եղիշեի գլխին խփել է, դրանից հետո Եղիշեն գլուխը բռնել է ու ընկել»:

Տիկին Մեյթիխանյանը դեպքի մանրամասները ճշտելու համար գնացել է նաեւ դեպքի վայրին հարակից ավտովերանորոգման կետ, զրուցել դեպքին ականատես աշխատակցի հետ, վերջինս պատմել է դեպքի մասին ու նշել Արտաշեսի, Արարատի եւ Խաչիկի անունները:

Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031