Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք տարկետում տվող հանձնաժողովը «հանճար» չի դարձնի պաշտոնյաների որդիներին. (Տեսանյութ)

Հունվար 29,2018 19:01

Զինվորական ծառայությունից տարկետումն ո՞ւմ են տալու, ո՞վ է որոշելու՝ կարգավորվելու է կառավարության որոշմամբ: Ըստ այդմ, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որն էլ որոշակի չափորոշիչների եւ միավորների հիման վրա որոշում է կայացնելու՝ տվյալ ուսանողը համապատասխանո՞ւմ է տարկետում ստանալու պայմաններին: Ընդ որում, ինչպես բազմաթիվ քննարկումների ժամանակ է հնչել, տարկետում տրվելու է հանճարեղ եւ բացառիկ ուսանողներին:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ ՄԱՀՀԻ-ում կառավարության որոշման մասին իրենց դիրքորոշումը հայտնեցին:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ ՄԱՀՀԻ-ում քննարկման ժամանակ ասաց, որ դեռեւս պարզ չէ հանձնաժողովի գործառույթը, եւ պարզ չէ, թե հանձնաժողովն ի՞նչ ազդեցություն է ունենալու որոշման վրա՝ արդյոք միայն ուսանողի փաստաթղթերն է ուսումնասիրելու, թե՞ ուսանողի հետ կապ է հաստատելու, հարցազրույց է անելու:

Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ այդ հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն նաեւ մանկավարժներ, դասախոսներ, քանի որ սա միայն գիտության հարց չէ, նաեւ կրթության հարց է. «Չգիտեմ՝ որքանո՞վ հանձնաժողովի գիտնականը կհասկանա տվյալ ուսանողի մոտիվացիան ու պոտենցիալը: Հանձնաժողովում ուսանողին պետք հարցեր ուղղի նաեւ իր մասնագիտության ներկայացուցիչը: Ասենք՝ կոնսերվատորիայի ուսանողին՝ այս ոլորտի մասնագետ կամ դասախոս»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովի գործառույթում կոռուպցիոն ռիսկեր չե՞ն տեսնում, արդյոք հետո ականատես չե՞նք լինի, որ այդ հանճարեղ ուսանողները կլինեն կրկին պաշտոնյանների որդիները, որոնք նախկինում տարկետում էին ստանում տարբեր հիվանդություններ ունենալու հիմնավորմամբ: Օրինակ՝ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին, որը մահացու ելքով վրաերթի է ենթարկել քաղաքացու, ՀՀ նախագահը պարգեւատրել է ուսման առաջադիմության համար, հնարավո՞ր է հետո այդ հանձնաժողովը այսօրինակ երիտասարդներին համարի հանճարեղ եւ տարկետում տա: Մեր այս հարցերին ի պատասխան Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նման խնդիր, իհարկե, կա. «Բայց նշվում է, որ հանձնաժողովի վստահության համար պետք է հրապարակվեն անունները, ովքեր տարկետում են ստանալու: Առաջին հայացքից լավ գաղափար է, բայց այս հարցին մենք միանշանակ չենք վերաբերվում: Ունենք վստահության այնքան ցածր մակարդակ, որ որոշում կայացնելուց հետո պետք է հարցնենք՝ ովքե՞ր են նրանք»:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք տեղի՞ն է, կամ վիրավորական չէ՞ հանճարեղ եզրույթը, քանի որ հայտնի է՝ հանճարեղ մարդիկ, ասենք՝ դարը մեկ են ծնվում, կամ ուսանողի բացառիկությունը որոշելն արդյոք սուբյեկտիվ չի լինելու, Պետրոսյանը պատասխանեց. «Մարդիկ, ովքեր արդար քրտինքով, գիտության ու կրթության պոտենցիալով վաստակում են տարկետումը, հետո պետք է արդարանան, թե՝ ինչու բանակ չեն գնում: Սա խնդիր է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պետրոսյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ ուսանողի հանճարեղության որոշման օրինակ էր բերվել, իշխանության ներկայացուցիչները քննարկման ժամանակ Տիգրան Համասյանի օրինակն էին բերել. «Ասացին, որ այդ հանճարեղությունը կամ բացառիկությունը պետք է լինի ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ՝ աշխարհի մակարդակով»:

Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ ասաց, որ տարկետում ստանալու չափանիշներից, ասենք՝ գիտական հոդվածներ գրելը, խնդրահարույց է. «Օրինակ՝ գրված է՝ միանձնյա հոդված գրել: Բնագիտական ոլորտի մեր ընկերներն ասում են՝ այս ոլորտում միանձնյա հոդված գրելն անհեթեթություն է, որովհետեւ այստեղ լինում է, որ հոդվածները մի քանի հոգով են գրում»:

Ավագյանի խոսքերով՝ կրթության եւ գիտության նախարարությունը, կարծես թե, ուզում է վերանայել եւ այդ հանճարեղության գաղափարից զերծ մնալ:

Յուրի Ավագյանն ասաց, որ աշխատանքը շատ է, ժամանակը ՝ քիչ, զորակոչն է մոտենում եւ մագիստրատուրայում սովորողի համար պետք է պարզ լինի՝ ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի, որպեսզի կարողանա կրթությունը շարունակել եւ տարկետում ստանալ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախաձեռնության անդամները գտնում են, որ տարկետում տալու գործընթացում պետք է հստակեցվի ու սահմանվի, որ յուրաքանչյուր տարի ու յուրաքանչյուր մասնագիտության համար տարբեր չափորոշիչներ լինեն:

Պետրոսյանի խոսքերով՝ «Բանակցություններից մեր դուրս գալու պատճառներից մեկն էլ այն էր, որ ասացին՝ նախնական որոշումը կլինի փետրվարի 15-ին, կհաստատվի ապրիլի 25-ին: Մենք ասացինք՝ եթե ապրիլի 25-ին հաստատվելու է, իսկ հունիսին զորակոչն է սկսվելու, մարդիկ ե՞րբ պետք է այդ չափանիշներին համապատասխանեն: Նրանք մեզ ասացին՝ այ, տեսեք, դուք ուզում եք արագ այդ չափորոշիչները սահմանենք, որ մարդիկ դրան համապատասխանեն ու բանակ չգնան: Բայց օրինակ՝ բժշկականի ուսանողը երկար տարիներ սովորում է, ծնողները գումարներ են ներդնում, որպեսզի նրանց կրթությունը շարունակվի, ինչու՞ նախապես չպիտի իմանան այդ չափորոշիչների մասին: Ընկալումն է սխալ, եւ մշուշոտ է որոշումը: Նշվում է, որ առաջնահերթություն է տրվելու պետության կողմից առաջնահերթ համարվող ոլորտներին, ավելի շատ արդյունաբերական ոլորտին, սա էլ է մշուշոտ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031